15/09/2020 13:36
Շատ տնտեսվարողներ կարողացան «շունչ քաշել», բայց միջազգային զբոսաշրջության պակասը զգացվում է. Ապրեսյան
Համավարակի պայմաններում «որտե՞ղ հանգստանալ» հարցի պատասխանը տեղացի զբոսաշրջիկները գտնում են Հայաստանում: Փակ սահմանների պայմաններում, բնականաբար, այլընտրանք չկա: Ի՞նչ իրավիճակ է ներքին տուրիզմի ոլորտում:
«Ինչպես կանխատեսվել և ծրագրվել էր, Հայաստանում զբոսաշրջության ոլորտի վերականգնման գործընթացը սկսվեց ներքին տուրիզմից: Եվ ոլորտում շատ տնտեսվարողներ կարողացան «շունչ քաշել», եկամուտ ունենալ: Բացի այդ՝ շատ լավ հնարավորություն էր երկիրը բացահայտելու տեսանկյունից: Մենք մեր հայրենիքը լավ չենք ճանաչում», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
Ապրեսյանի խոսքով՝ չնայած աշխուժությանն ու առաջընթացին՝ նախորդ տարվա ցուցանիշներին չենք հասել: Այս տարվա առաջին կիսամյակի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուրջ 60 տոկոսն է, նախորդ տարվա համեմատ մոտավորապես 40 տոկոսով անկում կա:
Ապրեսյանը հույս ունի, որ նախորդ տարվա ցուցանիշներին, այնուամենայնիվ, կմոտենանք: Ասում է՝ հուլիսին ու օգոստոսին շատ ավելի աշխույժ ու թեժ էր.
«Շատ լավ էր, բայց բոլոր խնդիրները չեն լուծվում: Միջազգային զբոսաշրջության պակասը էականորեն զգացվում է: Ներքին շրջանառություն, ներքին շարժ եղավ, բայց տնտեսական, զբոսաշրջութան ոլորտի վերականգնման համար միջազգային զբոսաշրջության վերականգնումը, դրսից գումարների հոսքը խիստ կարևոր է»:
Նա մեջբերեց կառավարության նիստում վարչապետի խոսքը, որ սեպտեմբերին 10-20 կանոնավոր ավիաչվերթ կվերականգնվի՝ ավելացնելով, որ պետք է հստակ կանոններ սահմանել ու հրապարակել, որպեսզի մարդիկ իմանան՝ ինչ պայմաններով են գալիս:
«Ասենք, եկան ու թեստ հանձնեցին, դրական արդյունքի դեպքում ո՞րն է լինելու հետևանքը: Բացի այդ՝ կարևոր է, որ թեստավորումը լինի բոլորի համար հավասար և նվազագույն գնով», - ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը՝ նշելով, որ պարտադիր պահանջ է սահմանվում՝ ով չի ուզում ինքնամեկուսացման մեջ մնալ, պետք է թեստ հանձնի, բայց մյուս կողմից էլ պետությունը պարտավոր է գնային քաղաքականությունը կարգավորել: Ըստ նրա, պետական հստակ մոտեցում պետք է լինի: