15/09/2020 17:46
Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի քաղաքականություն». Մնացականյան
EFE-ին տված հարցազրույցում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդգծում է, որ Թուրքիան կարևոր երկիր է ողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության համար, բայց այնքան էլ լավատես չէ նրա հետ հարաբերությունների կարգավորման հնարավորության հարցում, քանի որ Անկարան շարունակում է չճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրագործած ցեղասպանությունը և մերժում միլիոնավոր հայերի արդարության իրավունքը:
Զոհրաբ Մնացականյանը մեղադրում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանին 2009թ. ֆուտբոլային դիվանագիտության հետ ի հայտ եկած հնարավորությունից չօգտվելու համար:
«Թուրքիայի հաշտության քաղաքականությունն այսօր ցույց է տվել իր սահմանափակումները», - նշում է ՀՀ ԱԳ նախարարը:
Հայաստանը կարծում է, որ Թուրքիան զարգացնում է «անկայունության և ագրեսիայի քաղաքականություն», և մինչ բոլոր երկրները հանդես էին գալիս հուլիսյան բախումների դադարեցման կոչերով, Անկարան արեց ճիշտ հակառակը՝ բորբոքելով հակամարտությունը և աջակցելով Բաքվի ռազմական մանիպուլյացիաներին:
Մնացականյանը հայտարարում է, որ ցեղասպանության ժխտումը, սպառնալիքները, տնտեսական շրջափակումը և Բաքվին լիակատար աջակցությունը «սպառնալիք են հանդիսանում Հայաստանի անվտանգության համար»:
«Մինչ Թուրքիան ասում է, որ ցանկանում է զրո խնդիր հարևանների հետ, իրականում, իր բոլոր հարևանների համար հանդիսանում է անկայունության և ագրեսիվության աղբյուր, և փորձ է արվում այդ քաղաքականությունն արտահանել Հարավային Կովկաս: Մենք չենք կարող անտարբեր մնալ դրան», - շեշտում է ՀՀ ԱԳ նախարարը: