16/09/2020 14:52
«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում պացիենտը հաղթահարել է COVID-19-ի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկը
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում COVID-19 վարակի ամենավտանգավոր և հազվադեպ բարդություններից մեկի՝ սուր բորբոքային դեմիելինիզացնող պոլիռադիկուլոնեյրոպաթիայի հերթական դեպքն է ախտորոշվել և հաջողությամբ բուժվել նյարդաբանների կողմից։ Այդ մասին տեղեկացնում են հիվանդանոցի «Facebook»-ի էջում:
Նշվում է, որ Գիյեն Բարեի համախտանիշը հիմնականում զարգանում է որպես աղիքային և շնչական վարակների ոչ հեռակա բարդություն, երբ իմուն համակարգի գործառույթի խանգարման պատճառով վերջինս վնասում է ծայրամասային նյարդերը՝ առաջացնելով հարաճող զգացողական խանգարումներ և մկանային թուլություն, ընդ որում մկանային թուլությունը կարող է պրոգրեսիվել ժամերի ընթացքում` ընդգրկելով նաև շնչական մկանները (երբեմն պահանջելով անցում թոքերի արհեստական օդափոխության), ամբողջապես զրկելով պացիենտին շարժողական ակտիվությունից։
Պացիենտը՝ 62 տարեկան տղամարդ, բուժվել է այլ COVID բուժհաստատությունում 14 օր։ Համախտանիշը ունեցել է խիստ արագ ընթացք և արթնանալուց և առաջին գանգատներից մի քանի ժամ անց արդեն զարգացել է բոլոր վերջույթների խիստ արտահայտված մկանային թուլություն՝ քայլքի և ինքնասպասարկման անհնարինությամբ։
«Մեր բուժկենտրոնում ախտորոշվել է Գիյեն – Բարեի համախտանիշը և անհապաղ սկսվել է բուժումը՝ իմունոթերապիա մարդկային իմունոգլոբուլինով։ Բուժման արդեն իսկ 3-րդ օրվանից պացիենտի առողջական վիճակը էականորեն բարելավել է և սպեցիֆիկ բուժման ավարտից և կորոնավիրուսային վարակի հաղթահարումից հետո տեղափոխվել է մասնագիտացված վերականգնողական բուժման։
Այժմ, մեր բժիշկների իրականացրած բուժման ավարտից անցել է 20 օր և պացիենտը պրակտիկորեն չունի մկանային թուլություն, ամբողջապես ինքնասպասարկվում է և շարունակում է վերականգնողական բուժումը՝ լիարժեք վերականգման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիվանդանոցից տեղեկացնում են նաև, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնը միակն է, որն ունի այս սպեկտրի հիվանդությունների ամբողջական ախտորոշման (ԷՆՄԳ, նյարդերի բիոպսիա և մորֆոլոգիական քննություն, միելին-սպեցիֆիկ հակածինների որոշում) և բուժման (ապարատային ամբողջածավալ պլազմոֆերեզ, իմունոթերապիա, նեյրոինտենսիվ խնամք) հնարավորություն։