16/09/2020 12:02
Բոլորը գիտեն, որ Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ պատճառով լռում են. Անի Սամսոնյան
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի հարցը, նրան անվստահություն հայտնելու հարցն ամենաբնական պահանջն է հանրության կողմից, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։
«Տեսեք, թե ինչ է կատարվում հանրակրթական դպրոցներում, տեսեք, թե ինչ է կատարվում բուհերում, գիտության հետ, մշակույթի և սպորտի մասին պարզապես կարող ենք լռել։ Այս բոլոր հարցերի մասին այսօր խոսելու ենք և ներկայացնելու ենք, որ մարդը 2 տարվա ընթացքում բացի գիտական, մանկավարժական հանրույթի նկատմամբ հեգնանքից, ծաղրանքից, հրապարակային և ոչ հրապարակային նվաստացումներից ոչինչ չի արել», - ասաց Անի Սամսոնյանը։
Նա նշեց, թե այն բոլոր բարեփոխումները, որոնք պետք է իրականացվեին, չեն կատարվել։
«Մենք հակառակն ենք տեսնում, որ բուհերում քաոս է։ Երբ նա այդ պաշտոնը ստանձնեց և հայտարարեց, թե ինքն ապաքաղաքականացնելու է ուսումնական հաստատությունները, դա ևս չի աշխատել», - ասաց Անի Սամսոնյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ԿԳՄՍ նախարարն այսօր ասուլիսում հայտարարել է, թե ինքը հեղափոխության առաջնորդներից մեկն է, և թող իրեն հրաժարականով չվախեցնեն, Անի Սամսոնյանն արձագանքեց.
«Արայիկ Հարությունյանին իշխանության ներսում, ԱԺ դահլիճում նստած 88 հոգին հանդուրժում են միայն նրա համար, որ ինքը ընդամենը հեղափոխության առաջնորդներից մեկն է։ Այլ արժանիք, որպես ոլորտի պատասխանատու, այդ անձը չունի։ Բոլորը գիտեն, որ նա Նիկոլ Փաշինյանի վստահելի մարդն է, այդ պատճառով լռում են։ Սա խոսում է նրա մասին, որ ՀՀ-ում ոլորտները կառավարում են մարդիկ, ում արժանիքը միայն հեղափոխության առաջնորդ լինելը կամ քայլելն է»։