16/09/2020 10:39
Դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը՝ Հայաստանում. նախարարը մանրամասներ է ներկայացնում
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ծրագրերով իրականացվող կապիտալ շինարարություններն աճել են տասնյակ անգամներով, այդ մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց նախարար Արայիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ նախագծերի թվի առումով դրանք աննախադեպ են, օրինակ, 8 ավագ դպրոց է հիմնովին վերակառուցվում՝ առաջանցիկ տեմպերով:
«Իմ գործունեության օրոք ՀՀ բոլոր մարզերում՝ շուրջ 60 համայնքում, բացվել է 60 նախակրթարան: Սա տեղավորվում է ՀՀ կառավարության ծրագրային այն դրույթում, որ մինչև 2023 թ. մեր 3-6 տարեկան սաների շուրջ 70 տոկոսը նախադպրոցական ուսումնական հաստատություն պետք է հաճախի», - ասաց Հարությունյանը:
Նա նաև ընդգծեց, որ, իրենց խորին համոզմամբ, այս առումով ավելի բարձր թվեր են ունենալու:
«Համավարակով պայմանավորված՝ կապիտալ շինարարությունների հետ կապված ասեմ, որ այս տարի մեկնարում է շուրջ 22 փոքրաթիվ դպրոցների շինարարություն: Աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի: Հաջոդ տարի նույնպես մի շարք համայնքներում նոր՝ 15 դպրոցի շինարարության մեկնարկ է նախատեսվում», - տեղեկացրեց նախարարը:
Հարությունյանի խոսքով՝ այս տեմպերով դպրոցաշինություն, մանկապարտեզաշինություն Հայաստանի պատմության 30 տարվա ընթացքում չի եղել: