16/09/2020 13:10
Ճապոնիայում հայտարարվել է նոր կառավարության կազմը
Ճապոնիայի նոր վարչապետ Յոսիհիդե Սուգայի կառավարության կազմը հայտնի է: Ցուցակը լրագրողների համար ընթերցել է Ճապոնիայի նախարարների կաբինետի նոր գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
Սինձո Աբեի նախարարների կաբինետի մի շարք նախարարներ պահպանել են իրենց պորտֆելը նոր կառավարության կազմում:
Միևնույն ժամանակ, պաշտպանության նախարար Տարո Կոնոն հեռացել է իր պաշտոնից՝ ստանալով վարչախմբի բարեփոխումներ իրականացնելու համար պատասխանատու պետնախարարի պորտֆելը: Նրա տեղը զբաղեցրել է Նոբուո Կիսին՝ Սինձո Աբեի կրտսեր եղբայրը, որը նախկինում զբաղեցնում էր արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը: Նաև թվայնացման պետական նախարարի նոր պաշտոն է ստեղծվել Սուգայի կառավարությունում: Դրա ղեկավարումը ստանձնել է Տակույա Հիրայը, որը նույնպես պատասխանատու էր Աբեի օրոք գիտության և տեխնոլոգիայի զարգացման համար:
Իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նոր նախագահ Յոսիհիդե Սուգան չորեքշաբթի հաստատվել է որպես երկրի նոր վարչապետ: