16/09/2020 09:35
«Հրապարակ». Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն առաջիկայում ԲՀԿ-ի շուրջ օղակն էլ ավելի կսեղմի, կհարուցվեն քրեական նոր գործեր՝ ոչ միայն գործարար խավի ներկայացուցիչների, այլև քաղաքական դեմքերի դեմ։ Մեզ պատմեցին, որ գործ «կարելու» հարցում իշխանություններն ակտիվ «որոնողական» աշխատանքներ են տանում, գտնում են նախկին ԲՀԿ-ականների, ավելի ճիշտ՝ ԲՀԿ-ից նեղացածների, կուսակցությունից հեռացածների և համատեղ «աշխատելու» առաջարկ անում։ Նաիրա Զոհրաբյանի դեմ, օրինակ, նյութեր են հավաքում ԲՀԿ-ից վերջերս դուրս եկած Սերգեյ Բագրատյանի միջոցով։
Խորհրդարանի վերջին ընտրությունների ժամանակ թե՛ Բագրատյանը, թե՛ Զոհրաբյանը ընտրվել են նույն ընտրատարածքից. պատմում են, որ Բագրատյանին հանձնարարել են մարդկանց գտնել, որոնք Զոհրաբյանի դեմ ցուցմունք կտան։
Տեղեկությունը Բագրատյանից ճշտել չհաջողվեց, նա տևական ժամանակ ընդհատակ է անցել, խորհրդարանի նիստերին էլ չի հաճախում։ Իմացանք նաև, որ վերջերս կալանավորված ԲՀԿ-ական նախկին պատգամավորներից ոմանք նույնպես «երգել» են Ծառուկյանի դեմ, և հիմա նրանց «երգը» նոր գործիքավորում է ստանում՝ քրգործի տեսքով»։