16/09/2020 20:24
Եվրահանձնաժողովը Թուրքիային կոչ է անում չվախեցնել հարևան երկրներին
Եվրամիությունում հասկանում են Թուրքիայի դժվարությունները, բայց դրանք արդարացում չեն համարում տարածաշրջանում այդ երկրի ագրեսիվ պահվածքի համար, չորեքշաբթի Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
«Այո, Թուրքիան խնդրահարույց հարևանություն ունի: Եվ այո՛, նա միլիոնավոր փախստականներ է ընդունում, ինչի համար մենք զգալի ֆինանսավորմամբ աջակցում ենք նրան: Բայց սրանցից ոչ մեկը չի կարող արդարացնել հարևաններին վախեցնելու նրա փորձերը», - ասել է ֆոն դեր Լյայենը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է, որ չնայած Թուրքիան աշխարհագրորեն մոտ է Եվրամիությանը և միշտ կմնա նրա մերձավոր հարևանը՝ Անկարայի և Բրյուսելի միջև հակասություններն աճում են:
«Թուրքիան կարևոր հարևան է և միշտ կլինի, բայց չնայած մենք աշխարհագրորեն մոտ ենք՝ մեր միջև հեռավորությունը, հավանաբար, կշարունակի աճել», - հայտարարել է նա:
Ֆոն դեր Լյայենը նաև հավելել է, որ Հունաստանը և Կիպրոսը «միշտ կարող են հույս դնել եվրոպական համերաշխության վրա ՝ պաշտպանելով իրենց ինքնիշխան իրավունքները»: