16/09/2020 11:14
Քննիչ հանձնաժողովն այս պահի դրությամբ որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու, բայց չենք խոչընդոտի դրա ստեղծմանը. Մակունց
Խորհրդարանն այսօր քվեարկությամբ սահմանեց նոր կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը։ Ինչպես նախորդ օրը հայտարարել էր նախաձեռնող խմբի ներկայացուցիչ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հանձնաժողովը կունենա 12 անդամ։
Որոշումն ընդունվեց 110 կողմ, 5 ձեռնպահ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենց համար այդ հանձնաժողովի ստեղծումն այս պահի դրությամբ անհասկանալի է՝ միաժամանակ նշելով, թե չեն խոչընդոտի դրա ստեղծմանը։
«Այս պահին ՀՀ-ում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսով պայմանավորված համավարակը դեռ հաղթահարված չէ: Ավելին, այսօր շատ գիտնականներ, բժիշկներ փորձում են պարզել կորոնավիրուսի իրական ծագումնաբանությունը, որը հնարավորություն կտա հստակ հասկանալ, թե որոնք են այն արդյունավետ, պաշտպանիչ և կանխարգելիչ միջոցառումները, որոնք հնարավորություն կտան հանրություններին զերծ պահել վարակից: Հետևաբար, մենք մնում ենք այն կարծիքին, որ նման քննիչ հանձնաժողով ստեղծելն այս պահի դրությամբ առնվազն անհասկանալի է, որովհետև այն որևէ իրական, շոշափելի արդյունք չի տալու: Այնուամենայնիվ, «Իմ քայլը» խմբացությունը չի խոչընդոտելու քննիչ հանձնաժողովի ստեղծմանը, խմբակցությունը կառաջադրի պատգամավորների, ովքեր ներգրավված կլինեն հանձնաժողովում», - հայտարարեց Լիլիթ Մակունցը։