16/09/2020 14:04
Պետական միջոցներով շարունակաբար Արցախ կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ
«Նախընտրական հանդիպումներիս ժամանակ բազմիցս հայտարարել եմ, որ մեծ ուշադրություն ենք դարձնելու գյուղատնտեսության՝ ոչխարաբուծության ճյուղի զարգացմանը»,- «Facebook»-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ այն, ըստ մասնագետների, Արցախում մեծ հեռանկար ունի, և կարելի է գլխաքանակը հասցնել ավելի քան հինգ հարյուր հազարի:
Համեմատության համար նախագահը նշել է, որ ներկայում ամբողջ հանրապետությունում կա ընդամենը յոթանասուն հազար գլուխ ոչխար, և եղածն իր մթերատվությամբ անհամեմատ զիջում է առաջատար ցեղատեսակներին:
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա արձանագրումն առ այն, որ 2020թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստանից կենդանի ոչխարի և այծի արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 256 տոկոսով, կրկին վկայում է ոլորտի մեծ ներուժի ու պահանջարկի մասին: Այդ առթիվ կուզեի փաստել, որ Արցախում այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլն արված է, և ավելի քան տասը հազար գլուխ «Էդիլբայ» և «Կալմիկական» ցեղատեսակների ոչխարները շուտով հանրապետությունում կլինեն: Հայտարարածի համաձայն՝ դրանք կտրվեն բոլոր այն ֆերմերներին, ովքեր կապահովեն գյուղնախարարության առաջադրած նվազագույն պայմանները»:
Ըստ Հարությունյանի՝ մեկնարկը տրված է, և առաջիկա հինգ տարում պետական միջոցներով շարունակաբար կներկրվեն մայրացու բարձրորակ ցեղատեսակի ոչխարներ.«Մեր ընդհանուր հաջողությունը պայմանավորված է լինելու այդ ծրագրից օգտվելու ցանկություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու գրագետ և սրտացավ մոտեցումից: Արդյունքում շահելու է և՛ քաղաքացին, և՛ պետությունը»: