16/09/2020 11:10
Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել, ես չեմ վախենում դրանից. ԿԳՄՍ նախարար
Արսեն Ջուլֆալակյանի հետ ունեցել եմ զրո քննարկում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով պատգամավորի՝ իր պատճառով մանդատը վայր դնելու թեմային, ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով՝ Ջուլֆալակյանը կարող էր հարցեր բարձրացնել: «Այդ դեպքում հնարավոր է՝ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի դեպքում բացատրեինք, որ Ջուլֆալակյանի դիրքորոշումների հիմքում եղած փաստերն իրականությանը չեն համապատասխանում», - ասաց նախարարը:
Ի պատասխան դիտարկմանը, որ ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը և հարցապնդմամբ դիմել է ԱԺ, նախարարն ասաց որ հարցապնդման ժամանակ ամեն ինչին կանդրադառնա հատ-հատ:
«Եթե հիմքեր լինեն՝ ես մեկ րոպե ավելի չեմ մնա այս պաշտոնին և ինքս դիմում կգրեմ: Կխնդրեմ մեր գործընկերներին հրաժարականներով ինձ չվախեցնել: Ես չեմ վախենում դրանից: Ես հեղափոխական թիմի առաջնորդներից մեկն եմ եղել և եմ», - ասաց Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ հրաժարականն իր օրակարգի հարցը չէ:
Իր օրակարգում ոլորտի բարեփոխումներն ու նորություններ բերելն է: