17/09/2020 12:07
Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի. Ալեն Սիմոնյան
Վարչապետը որևէ քաղաքական ուժի հետ փոխհրաձգություն չունի, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ արձագանքնելով Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև հակամարտություն հարցին։
«Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերում է Գևորգ Պետրոսյանին, որի հետ կապված մամուլում տեղեկություններ են պտտվում, որ ինքը առողջական խնդիրներ է ունեցել մշտապես։ Նաև, երբ նախարար է եղել, դա պատճառ է հանդիսացել, որ ինքը լքել է նախարարի պաշտոնը, և այդ որոշումը կայացրել է Գագիկ Ծառուկյանը։ Եվ հիմա, Գագիկ Ծառուկյանի բուռն քաղաքական գործունեության վերելքի շրջանում նա փորձում է վեր հանել նորից նման հարցեր, որպեսզի քաղաքական գործունեության իմիտացիա ձևավորի», - ասաց Ալեն Սիմոնյանը։
Ճշտող հարցին, թե Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը, փաստորեն, վարչապետին չէ՞ր ուղղված, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ նման պարագայում Գագիկ Ծառուկյանը համարձակություն կունենար ինչ-որ անուն նշել կամ ավելի հստակ կգրեր։ Ես նույնիսկ վստահ չեմ, որ այդ էջը պատկանում է Գագիկ Ծառուկյանին», - ասաց Սիմոնյանը։