17/09/2020 13:09
Ես չէի ուզում, նա ստիպեց. Արսեն Ջուլֆալակյանը Արայիկ Հարությունյանին բանավեճի է հրավիրել
Ազգային ժողովի մանդատը վայր դրած պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է ուղիղ եթերում բանավեճի:
Facebook-ի իր էջում Ջուլֆալակյանը գրել է, որ բանավեճի է հրավիրում, «որպեսզի մեկընդմիշտ փակենք այս թեման և այն չվերածվի քաղաքական շոուի»:
Նա հույս է հայտնել, որ Հարությունյանը կընդունի հրավերը:
«Հանրությունը, իշխող քաղաքական թիմը, նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կուզենամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած մտքերը։ Միգուցե հիշողությունն է կարճ, բայց առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։
Վստահ եմ, դրանից հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․
Ես չէի ուզում, նա ստիպեց», - գրել է Ջուլֆալակյանը:
Նա նաև նշել է, որ կնախընտրի բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական այլ ուժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ: