17/09/2020 19:19
Հայտնի են դարձել մանրամասներ Նավալնիի գործից՝ շշի մասին
Տոմսկի հյուրանոցի այն սենյակում, որտեղ ապրում էր Ալեքսեյ Նավալնին, հայտնաբերվել է ջրի շիշ, որի վրա եվրոպացի փորձագետները, իբր, գտել էին «Նովիչոկ» խմբի նյութի հետքերը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն հղում անելով նրա աջակիցներին:
«Այս շիշը Տոմսկի հյուրանոցի սենյակից է, որտեղ գտնվում էր ինքը՝ Նավալնին, և մեր ամբողջ նկարահանող խումբը: Երկու շաբաթ անց գերմանական լաբորատորիան Տոմսկի թողարկման շշի վրա հայտնաբերել է «Նովիչոկի» հետքեր», - հայտնել են Հակակոռուպցիոն հիմնադրամից:
Կազմակերպության ներկայացուցիչները պարզաբանել են, որ երբ հայտնի է դարձել բլոգերի հոսպիտալացման մասին, նրանք զանգահարել են փաստաբանի և նրա հետ բարձրացել ընդդիմադիրի սենյակ: Այնտեղ նրանք սկսել են նկարագրել, գրանցել և փաթեթավորել այն ամենը, ինչ կարող էին գտնել, այդ թվում՝ հյուրանոցների ջրի շշերը: Ավելի ուշ այդ իրերը հանձնվել են Բեռլինի բժիշկներին:
«Նովիչոկի» հետքերի մասին վարկածը Նավալնիի գործի մեջ հայտնվել է Եվրոպայում ռազմական թունաբանների աշխատանքի արդյունքների վերաբերյալ Գերմանիայի կառավարության հայտարարությունից հետո: Հետազոտողների խոսքով՝ թույնի հետքերը հայտնաբերվել են Նավալնիի արյան, մաշկի և մեզի մեջ, ինչպես նաև ջրի շիշում, որից նա խմել է:
Ռուս բժիշկները պնդում են, որ բազմաթիվ թեստերի ընթացքում թույն չեն հայտնաբերել: