17/09/2020 17:24
«Կինոն՝ բեմի վրա». Հայաստանի ազգային կինոկենտրոնի նոր նախաձեռնությունն ուղղված է համավարակի հետևանքների վերացմանը
Տևական ժամանակ մեր առօրյան կառավարող համավարակը դանդաղորեն հետնահանջ է ապրում, որին զուգընթաց էլ քաղաքային բնականոն կյանքն սկսում է վերադառնալ նախկին ռիթմին։ «Մնա տանը, մեկուսացիր»՝ համավարակի կարևոր ու առաջնային պայմաններն այլևս արդիական չեն։ Հիմա ազատորեն (պահպանելով անհրաժեշտ կարանտինային կանոններ) կարող ենք գնալ կինո, թատրոն, համերգ, ակումբ՝ ուր որ կամենա մեր սիրտը։
Այսպիսով, Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնի հետ համատեղ, հետևելով հայտարարված կարանտինի նոր կանոններին, սկսում է «Կինոն՝ բեմի վրա» խորագրով ցուցադրությունների շարքը՝ կինոթատրոնի ամառային (բացօթյա) դահլիճում: Ծրագրի առաջնային նպատակն է մշակութային դադարից դուրս բերել հանրությանը, պարգևել ուրախ և տոնական կինոտրամադրություն՝ մեծ էկրանին ներկայացնելով երաժշտական ու կատակերգական լավագույն հայկական ֆիլմերից մի քանիսը.
Արման Մանարյան - «Կարինե»
Լևոն Իսահակյան, Հ․Մալյան - «Ճանապարհ դեպի կրկես»
Գ․Մելիք-Ավագյան - «Երգում է Գոհար Գասպարյանը»
Հ․ Մալյան - «Մի կաթիլ մեղրը»։
Սույն ձեռնարկը նպատակ ունի աջակցել համավարակի հետևանքով ծանր կացության մեջ հայտնված (ինչպես աշխարհի բոլոր կինոթատրոնները) մեր քաղաքի ամենահյուրընկալ մշակութային օջախներից մեկին՝ «Մոսկվա» կինոթատրոնին՝ տրամադրելով ֆիլմերի տոմսերի վաճառքից գոյացած ամբողջ հասույթը։
Ցուցադրությունները տեղի կունենան սեպտեմբերի 19-27-ը՝ յուրաքանչյուր շաբաթ և կիրակի, ժամը 20։00-ին:
Տոմսերը կարելի է ձեռք բերել յուրաքանչյուր ֆիլմի ցուցադրությունից 2 ժամ առաջ՝ դահլիճի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից (արժեքը՝ 1000 դրամ):
19․09․2020
«Կարինե», 1967 թ, Հայֆիլմ, երաժշտական կատակերգություն (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետի էկրանավորումը), 89 րոպե։ Սցենար՝ Լ․Ղարագյոզյան, Ա․Մանարյան, (Երվանդ Մանարյանի մասնակցությամբ), ռեժիսոր՝ Արաման Մանարյան, օպերատոր՝ Մարատ Վարժապետյան, նկարիչ՝ Վ․Պադպոմոգով, երաժշտություն՝ Ղազարոս Սարյան, Տիգրան Մանսուրյան։
Դերերում՝ Լիդա Հարությունյան, Ա․Քաջվորյան, Արման Կոթիկյան,Վարդուհի Վարդերեսյան, Ժենյա Ավետիսյան, Տիգրան Լևոնյան, Երվանդ Մանարյան և այլք։
20․09․2020
«Երգում է Գոհար Գասպարյանը», 1963 թ, Հայֆիլմ, երաժշտական, 60 րոպե։ 11 նովելից բաղկացած ֆիլմի հիմքում դասական երաժշտական ստեղծագործություններն են, որոնց կատարումով հանդես է գալիս աշխարհահռչակ երգչուհի Գոհար Գասպարյանը։
Ռեժիսոր/ սցենար՝ Գ․Մելիք-Ավագյան, օպերատոր՝ Յա․Կուլիշ, նկարիչ՝ Ռ․Բաբայան։
26․09․2020
«Ճանապարհ դեպի կրկես», 1963 թ, «Հայֆիլմ» կինոստուդիա, կատակերգություն, 74 րոպե։
Ֆիլմը, որ նկարահանվել է Երևանի կրկեսում, պատմում է տաղանդավոր երիտասարդի՝ Լեոնիդի մասին, որը հարգված պրոֆեսոր Ենգիբարյանի կրտսեր որդին է։ Նա ցանկանում է ծաղրածու դառնալ։ Կրկեսում աշխատելու՝ Լեոնիդի առաջին փորձերը ձախողվում են, սակայն տաղանդավոր արտիստն ի վերջո իր ճանապարհը հաղթահարում է արժանապատվորեն։ Վերջինս էլ կատարել է գլխավոր դերը։
Ռեժիսոր՝ Լ․Իսահակյան, Հենրիկ Մալյան, սցենար՝ Ա․Յուրովսկի, օպերատոր՝ Ժ․Վարդանյան, նկարիչ՝ Ս․Անդրանիկյան, երաժշտություն՝ Կ․Օրբելյան։
Դերերում՝ Լեոնիդ Ենգիբարով, Ի․Շեստուա, Ի․Դանզաս, Հ․Դանզաս, Վ․ Վարդերեսյան,Կ․Խաչվանքյան, Գեն (Գ․Շահնազարյան), Վ․Թաթոսով և այլք։
27․09․2020
«Մի կաթիլ մեղրը», 1982 թ․,Հայֆիլմ, ֆիլմ-ներկայացում(ըստ Թումանյանի հեքիաթների), 65 րոպե։ Ֆիլմը Հովհաննես Թումանյանի հեքիաթներից հյուսված յուրօրինակ ներկայացման կինոտարբերակ է:
Ռեժիսոր, սցենար՝ Հենրիկ Մալյան, օպերատոր՝ Ս․Իսրայելյան, նկարիչ՝ Է․Խարազյան, երաժշտություն՝ Տ․Մանսուրյան։