17/09/2020 11:05
Ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ. Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Facebook-ում այսօր արված գրառմանը:
«Կարծում եմ ժամանակն է՝ Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը», - Facebook-ի իր էջում գրել է Ծառուկյանը:
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Դժվար է չհամաձայնել ԿԳՄՍ նախարարի հետ. սկզբից օտարերկրացի կանանց հրավիրում ես եկեղեցի ցույց տալու: Հետո, լինելով ոստիկանության սերժանտ, եկեղեցու տարածքում խմբով բռնաբարում ես հյուրերին ու կողոպտում նրանց: Հետո զբաղվում ես ազգային արժեքների եւ ազգային ինքնության պաշտպանությամբ: Հիրավի «ազգանպաստ» գործունեություն: Աջակցել, միանշանակ աջակցել»:
Երեկ խորհրդարանում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ակնարկել էր Գագիկ Ծառուկյանի դեմ 1970-ականների վերջին հարուցված քրեական գործի մասին՝ այդպիսով հակադարձելով իր պաշտոնավարման դեմ ելույթներին: