17/09/2020 16:01
Հույս, որը հայ ժողովուրդն ունի իր ապագայի նկատմամբ, և հույս, որն ԱՄՆ-ն ունի հայ ժողովրդի վերաբերյալ. Հայաստանում է մեկ դար առաջ Վուդրո Վիլսոնին նվիրված կտավը (Տեսանյութ)
Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի կեցավայրի հյուրասենյակի պատն արդեն մի քանի օր է՝ հայուհու պատկերով կտավն է զարդարում: «Հույս և ակնկալիք» կտավի հեղինակը Հովսեփ Փուշմանն է: Արտացոլված է հույսը՝ ի հեճուկս ողբերգության, և հայ ու ամերիկացի ժողովուրդների այսօրվա ամուր կապերը:
Երիտասարդ հայուհու պատկերով նկարն արդեն մեկդարյա պատմություն ունի. այն 1917 թվականին նվիրել են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին՝ ի երախտագիտություն Մեծ Եղեռնի ընթացքում հայ ժողովրդին Միացյալ Նահանգների ցուցաբերած աջակցության:
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում իմ երդմնակալությունից հետո իմ ընկերներից ոմանք այցելել էին Վուդրո Վիլսոնի տուն-թանգարան ու նկատել էին այնտեղ այս նկարը: Հետո ինձ պատմեցին կտավի մասին: Հասկացա, որ այս կտավը խորհրդանշական է ու շատ բան կարող է պատմել հայ-ամերիկյան հարաբերությունների մասին: Այն խորհրդանշում է հույսը, որը հայ ժողովուրդն ունի իր ապագայի նկատմամբ, և հույսը, որը Միացյալ Նահանգներն ունի հայ ժողովրդի վերաբերյալ: Սա Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանում գտնվող կարևորագույն գործերից մեկն է: Մեր բախտն իսկապես բերեց, որ այն կարողացանք բերել Հայաստան», - իր կեցավայրում, ընդունելով լրագրողներին, նկարի պատմությունը ներկայացրեց ԱՄՆ դեսպանը:
Կտավը Հայաստան է բերվել 5 ամիս ժամկետով՝ «Արվեստը դեսպանատներում» ծրագրի շրջանակներում, որը հնարավորություն կտա տեղի քաղաքական, մշակութային և այլ գործիչների ծանոթանալ Վաշինգտոնում գտնվող Վուդրո Վիլսոնի տուն-թանգարանից Հայաստան «հյուր եկած» կտավին:
«Շատ կցանկանայի, որ այն ցուցադրեինք որևէ սրահում ու մուտքն ազատ լիներ բոլորի համար: Ցավոք, այս կտավի փոխառության պայմանն այն է, որ 5 ամիսների ընթացքում դեսպանի կեցավայրից դուրս չգա: Բայց այստեղ կընդունենք քաղաքական, մշակութային ոլորտի բազմաթիվ ներկայացուցիչների: Ճիշտ է՝ մեր միջոցառումները, COVID 19-ով պայմանավորված, մարդաշատ չեն լինի, այնուհանդերձ կփորձենք Հայաստանում հնարավորինս շատ թվով մարդկանց ծանոթացնել այս գործին», - նշեց դեսպանը:
Մանրամասն՝ տեսանյութում: