18/09/2020 17:22
«Կգնանք մինչև վերջ, որ կյանքն էլ համապատասխանի տներին». Չինարիում գունավորում են մարդկանց տներն ու կյանքը (Տեսանյութ)
Հուլիսյան իրադարձություններից հետո հրետակոծությունից տուժած սահմանամերձ գյուղերի վնասը վերականգնելու համար ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց գումար հատկացնել Տավուշի մարզպետարանին:
Աշխատանքներ են իրականացվում ընդհանուր թվով 21 բնակելի տներում, որոնցից 16-ը՝ Այգեպարում, 3-ը՝ Ներքին Կարմիրաղբյուրում, 2-ը՝ Չինարիում։ Չինարիում նաև հիմնովին կառուցվում է մեկ առանձնատուն։
Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր ու Չինարի գյուղերում կառուցվել են 48 տան ու ավելի քան 70 կից կառույցների տանիքներ, իրականացվել են կոնստրուկտիվ-վերականգնողական աշխատանքներ։
Աղասյանների համար է կառուցվում նոր տունը. 10 հոգանոց ընտանիքը սրտատրոփ սպասում է՝ երբ են նոր տանը խաղաղ ապրելու։
Տան կինը՝ Լիդիա Չոբանյանը, վստահեցնում է ՝ իրենց համար «եղած-չեղած է» հակառակորդի կրակոցները։
«Ականջի հետև ենք գցում»,-ասում է նա։
Աղասյանների ընտանիքը չի էլ ակնկալել, որ իրենց համար պետք է նոր տուն կառուցվի։
«Պիտի մեր ուժերով վերանորոգեինք, նախօրոք նույնիսկ շինարարություն էր սկսվել մեր տանը...չհասցրինք, որոշվեց կառավարության կողմից, որ պետք է տուն կառուցվի»,-ասում է տիկին Լիդիան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն էլ նշում է՝ կարևոր է, որ տունն ունի նաև ապաստարանային մաս։
«Ապաստարանը սեյսմակայուն տեսանկյունից ապահովված է, ինչպես նաև՝ հրետակոծությունից բավականին պաշտպանված կլինի»,-ասում է նա։
Ռոբերտ Ղուկասյանը նշում է՝ չեն ուզում գեղեցիկ տանիքներ, գեղեցիկ արտաքին, կարևորը՝ արդյոք ներսում ապրող մարդկանց կյանքն էլ է գունավոր։
«Կգնանք մինչև վերջ, որ կյանքն էլ համապատասխանի տներին»,-ասում է վարչապետի խորհրդականը։
Աղասյանների տան կառուցման համար հատկացվել է 64 միլիոն 180 հազար դրամ։