18/09/2020 12:43
Երբ բժիշկները հեղափոխության ժամանակ դուրս էին գալիս փողոց, սաբոտաժ չէ՞ր, հիմա պայքարում են իրենց իրավունքների համար, սաբոտա՞ժ է. Գևորգ Թամամյան (Տեսանյութ)
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը համոզված է՝ վարչապետին սխալ տեղեկատվություն են տվել բժիշկների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու վերաբերյալ, դրա համար էլ նա երեկվա իր գրառման մեջ անդրադարձել է բժիշկների պահվածքին։
«Նախ, պետք է շնորհակալություն հայտնեմ վարչապետին, որ գիտակից որոշում կայացրեց՝ ելնելով մեր պետության և ժողովրդի շահերից», - այսօր բժիշկների հետ հանդիպմանը հայտարարեց Գևորգ Թամամյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ Առողջապահության նախարարությունը որոշում էր կայացրել դադարեցնել ՀՀ ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի պայմանագիրը, որին հետևել է Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանի ազատման դիմումը։ Գևորգ Թամամյանից հետո աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել նաև կենտրոնի ամբողջ աշխատակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, հոգեբանները, մանկավարժները, մայրապետները։
Երեկ երեկոյան վարչապետը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը:
«Հասկանում եմ, թե վարչապետն ինչու է իր գրառման երկրորդ մասը գրել։ Նա նշել է, թե պետք է ստուգել տպավորությունների և իրականության հարաբերությունները: Այո՛, լիովին համաձայն եմ, և առանց որևէ հետին մտքի, վարչապետին հրավիրում եմ այցելել այս կենտրոն, ծանոթանալ կատարվող աշխատանքներին։ Այն, ինչ արվում է, արվում է անձայն, առանց որևէ աղմուկի, արվել է տասնամյակներ շարունակ։ Լիովին համոզված եմ, որ թյուր տեղեկություններ են հաղորդվում։ Եթե նա գա մեր կենտրոն և մեր աշխատակիցների հետ ծանոթանա, երեկվա մեր հաղթանակը կհամարի առաջին հերթին իր հաղթանակը», - ասաց Թամամյանը։
Նա անդրադարձավ հնչող մեկնաբանություններին, թե բժիշկները «սաբոտաժ» են անում.
«Խոսում են մարդիկ, որոնք գաղափար չունեն, թե ինչ է բժշկությունը, ուշադրություն մի դարձրեք։ Մեր արածների գնահատականը մեր հիվանդներն ու նրանց ծնողներն են տալիս։ Մարդիկ, որոնք քաղցկեղ բառը լսելիս չորս անգամ խաչակնքվում են, իրենց իրավունք են վերապահում մեկնաբանություններ թողնել։ Ոչինչ։ Ինչ է նշանակում սաբոտաժ, եթե մարդիկ իրենց իրավունքների համար պայքարում են, դա նշանակո՞ւմ է սաբոտաժ։ Նույն բժիշկները չէին դուրս եկել փողոց, դա՞ էլ էր սաբոտաժ։ Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումն այս դահլիճում է։ Այս օրը պատմական է ոչ միայն բժշկության, այլ նաև՝ քաղհասարակության համար։ Նախարարն ով է, որ կարող է կամայական որոշումներ կայացնել, մեր հարկերից վճարվող մեկն է։ Կամայականությունները տեղ չպետք է ունենան»։
Գևորգ Թամամյանն ասաց նաև, թե այս պատմության ընթացքում չի եղել մեկ հիվանդ կամ մեկ հիվանդի ծնող, որ չհասկանա բժիշկների քայլը.
«Իրենք շատ լավ գիտեին, թե այս կոլեկտիվն ամեն հիվանդի համար ինչերի է պատրաստ։ Առաջին անգամն է, որ բուժաշխատողները, հիվանդները, արդեն բուժված հիվանդները և նրանց ծնողները բոլորը մի կողմում էին և պայքարում էին իրենց իրավունքի համար, սա պատմական էր»։
Թամամյանն ափսոսանք հայտնեց, որ Աննա Հակոբյանը դադարեցնում է «Ժպիտների քաղաք»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։