18/09/2020 15:50
Մենք ամրապնդել ենք սահմանի վրա դիրքերն, ինչը հակառակորդին դուր չի գալիս. Տավուշի մարզպետ (Տեսանյութ)
Հուլիսյան դեպքերից հետո մենք դիտում ենք սահմանի վրա հակառակորդի ակտիվության ուժեղացում, պատասխանելով Aysor.am-ի հարցին՝ ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Մինչև հուլիսյան դեպքերը, հատկապես վերջին մեկ-մեկուկես տարին, հարաբերական անդորր էր, ու այդ առումով վերջին իրադարձությունները էական փոփոխություն են անցած իրավիճակի համեմատությամբ»,-ասաց մարզպետը։
Նա նշեց, որ հայկական կողմն ամրապնդել է սահմանի վրա դիրքերն, ինչը, երևի թե, հակառակորդին դուր չի գալիս։
«Փորձում են պրովոկացիաները շարունակել, ցավոք սրտի, մենք ունեցանք զոհ, որի համար ես ցավակցում եմ մեր ժողովրդին»,-ասաց մարզպետը։
Հայկ Չոբանյանն ընդգծեց՝ այս դեպքը պետք է ամենակոշտ ձևով արձագանք ունենա, որովհետև մարդկային կյանքն ամենամեծ արժեքն է, որ մենք ունենք։
«Մենք և՛ինժեներական առումով, և՛ տեխնոլոգիական առումով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր զինվորների կյանքին սահմանի վրա վտանգ չսպառնա»,-ասաց Տավուշի մարզպետը։