18/09/2020 13:43
Իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց «բերանը փակելու» համար. Էդմոն Մարուքյան
Բազմաթիվ մտավորականներ ասում են՝ բան չենք ուզում խոսել, որովհետև հարձակման են ենթարկվում, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նկատի ունենալով իշխանությանը:
Նրա խոսքով՝ իշխանությունն ամեն ինչ անում է մարդկանց «բերանը փակելու» համար. «Բայց բերանները չեն փակվելու, հարցերը չեն ավարտվելու»:
Դիտարկմանը, թե ընդդիմությունը բողոքում է, որ իշխանությունը պետական ողջ ապարատը հանել է իրենց դեմ, իշխանական պատգամավորն էլ ասում է, որ եթե նման բան անեին, մեկ ժամվա ընթացքում տվյալ կուսակցության կնիքը կլիներ իրենց մոտ, Մարուքյանն ասաց. «Դա նշանակում է՝ իշխանությունն ասում է, որ բռնատիրական ռեժիմով աշխատելու ներուժ ունենք, մենք չենք անում ու ձեզ լավություն ենք անում: Մարդիկ գլուխ են գովում, որ կարող են ապօրինություն անել»:
Նա նաև նկատեց, որ ներկայիս իշխանությունը ժողովրդի կողմից ընտրված միակ իշխանությունն է, որն իր սխալները չի ընդունում. «Անգամ ինձ վրա հարձակվելը չեն ընդունել, որ սխալ են արել: Ինչ լինի, ինչ-որ պատճառ գտնում են, որ ի պատասխան ասեն: 20 օրից ցրտերը կընկնեն, ու դրա համար ընդդիմությունն է մեղավոր»:
Իշխանության այն տեսակետին, թե «կարմիր գծերն» ընդդիմությունն է հատել, Մարուքյանն այսպես արձագանքեց. «Էդ որտե՞ղ հատեցինք: Ասում են՝ սրիկա, դրան քաղաքակիրթ պատասխան է տրվում, դառնում է կռիվ»:
Մարուքյանի գնահատմամբ, ներկայիս պահվածքով իշխանությունը ժամանակի ընթացքում կարող է դառնալ ոչ լեգիտիմ:
«Ժողովրդին ժուժկալության կոչ անող իշխանությունն ինքն ամենաժուժկալը պետք է լինի, հատկապես հեղափոխական իշխանությունը, պետք է ճգնավորի պես ապրի: Բայց նման բան չտեսանք: Ինչո՞ւ է իր ինքնաթիռը նոր դիզայնով ներկել, երբ մարդկանց ասում է՝ մի տուփ ծխախոտ քիչ ծխեք, մի օղի քիչ խմեք, փողը տնտեսեք: Ասում են՝ ծախսը պետական գաղտնիք է... Ինքնաթիռը ներկելու գումարը չի կարող ժողովրդից գաղտնի լինել: Այդտեղ պետական գաղտնիքի բան չկա», - ասաց ԼՀԿ ղեկավարը: