18/09/2020 09:52
«Ժողովուրդ». ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից. իշխանությունն է ցանկանում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ՝ իշխանությունները սուրհանդակ են ուղարկել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ: Մասնավորապես, նրան ասվել է, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավոր պետք է հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատից, որպեսզի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների և, առհասարակ, իշխանությունների միջև փոխհրաձգությունը դադարի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները նրանցից պահանջել են առնվազն 7 պատգամավորի մանդատ. նրանց թվում են Գագիկ Ծառուկյանը, Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Վարդան Ղուկասյանը, Գևորգ Պետրոսյանը, Նաիրա Զոհրաբյանը: Սակայն ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե նման բան չի լինի, և իրենք էլ չեն դնի պատգամավորական մանդատները, իր հերթին էլ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ այլ տարբերակ չկա, և խորհրդարանում պետք է լինեն մարդիկ, ովքեր գործ են անում, և պետք է լինեն քաղաքական մարդիկ, իսկ այդ պատգամավորները չեն համապատասխանում այդ կերպարին:
Ընդ որում, նշվել է, որ թեև Նաիրա Զոհրաբյանը քաղաքական կերպար է, սակայն նա էլ չի համապատասխանում ներկայիս ԱԺ պահանջներին ու նվազագույնը պետք է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերով հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվի։ ԲՀԿ-ն մերժել է ԱԺ նախագահի բոլոր առաջարկները։ Այս տեղեկությունների մասով մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանին և Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանին: Վերջինս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին, իսկ Վահան Կոստանյանն էլ հայտարարեց, թե նման բան չի եղել, և տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: