19/09/2020 12:05
«Պռոշյանի գինու գործարան»-ում պայթյունի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
«Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած 4 պացիենտ բուժում է ստանում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից մեկը, ցավոք, երեկ մահացել է:
Մեկ պացիենտ դուրս է գրվել:
Մյուս 2 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, վերջիններս վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են այրվածքային բաժանմունք: Անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվում են:
Հիշեցնենք՝ 2020թ. սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, «Պռոշյանի գինու գործարան» ՍՊ ընկերության Արմավիրի մարզի Արմավիր գյուղի մասնաճյուղում գինու մթերման բաքերի մոտ զոդման աշխատանքներ կատարելիս խախտվել են աշխատանքի պաշտպանության կանոնները, որի հետևանքով տեղի էր ունեցել պայթյուն:
Արդյունքում՝ գործարանի 2 աշխատակցի անզգուշությամբ պատճառվել էր մահ, իսկ 4 աշխատակից տարբեր աստճանի մարմնական վնասվածքներով ու այրվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի (աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը) 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք աշխատակիցներ:
Կատարվում է նախաքննություն: