19/09/2020 14:17
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը վերազինվում է օդափոխության և հովացման նոր համակարգով
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կունենա օդափոխության և հովացման նոր համակարգ: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Նրա փոխանցմամբ՝ օրերս ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել թատրոնին գումար՝ օդափոխության, հովացման, սառնարանային կայանքի վերագործարկման և ավտոմատացման աշխատանքների ձեռքբերման համար:
«Պետք է ասեմ, որ թատրոնի համար սա շատ նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիներ շարունակ թատրոնում չեն գործել օդափոխության և հովացման համակարգերը, ինչը մեծ անհարմարավետություն է ստեղծել թե՛ հանդիսատեսի, թե դերասանների համար»,- ասաց Մ. Մխիթարյանը:
Տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը՝ հարցին հրատապ արձագանքելու և լուծում տալու համար:
Մ. Մխիթարյանն ընդգծեց, որ շուտափույթ գործի կանցնեն, որպեսզի ավելի սեղմ ժամկետներում ունենան հարմարավետ պայմաններ:
«Ստեղծագործական դադարներ չեն լինի թատրոնում, քանի որ միաժամանակ պատրաստվում են նոր ներկայացումներ: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Բացի այդ, ևս երկու գործի վրա այս պահին աշխատում են բեմադրիչներ Իռա Հարությունյանն ու Մանվել Խաչատրյանը: Ի. Հարությունյանը՝ Ջո Օրտոնի՝ «Ինչ է տեսել պալատականը», իսկ Մ. Խաչատրյանը՝ Ս․ Մրոժեկի «Ամռան օր» ներկայացումների վրա»,-եզրափակեց տնօրենը: