21/09/2020 12:00
Արցախը մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է. Հայաստանի վարչապետն ընդունել է Արցախի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում առաձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Վարչապետը նշել է.«Մեր խնդիրն է՝ 1991 թվականին մեր ժողովրդի միահամուռ կամքով ստեղծված պետականությունը դարձնել հարատև գործոն: Կարծում եմ՝ մեր բոլորի համար միանշանակ է, որ մենք միայն պետականության առկայությամբ է, որ կարող ենք երաշխավորել մեր ժողովրդի զարգացումը:
Իհարկե, Արցախն այսօր մեր համազգային օրակարգի ամենակարևոր խնդիրն է, և ես ուրախ եմ, որ մենք ինչպես նախկինում, այսօր էլ, ապագայում էլ մեկտեղելու ենք մեր ջանքերը տարածաշրջանում կայունության, խաղաղության երաշխավորի մեր դերակատարումն իրականացնելու, Արցախի և Հայաստանի բնականոն և թռիչքաձև զարգացումն ապահովելու համար: Շնորհավորում եմ բոլորիս ևս մեկ անգամ և ուրախ եմ կրկին Ձեզ ողջունել»:
Արայիկ Հարությունյանն էլ շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ նշել է«Վստահ և համոզված կարող եմ ասել՝ հայկական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ապագան ոչ միայն երաշխավորված է, այլ նաև ունենալու ենք զարգացման դինամիկ այնպիսի աճի տեմպեր, որ այն դառնալու է մեր բոլոր հայերի երազանքի երկիրը»:
ԱՀ նախագահը դիմելով վարչապետին նկատել է նաև.«Իմ պաշտոնավարման այս կարճ ժամանակահատվածում սա արդեն հերթական հանդիպումն է, որովհետև պաշտոնական և ոչ պաշտոնական շատ հանդիպումներ ենք ունեցել, և սա այն վկայությունն է, որ ամենայն գիտակցությամբ և պատասխանատվությամբ ենք մոտենում մեր հայրենիքի ճակատագրին, մանավանդ, որ մեր հիմնական հանդիպումների թեման, առանցքը լինում է մեր անվտանգությունը, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը: Բայց մենք հասկանում ենք, որ այսօր՝ քաղաքական այս ծանր ժամանակահատվածում, մենք պարտավոր ենք անել առավելագույնը, ավելին քան հնարավոր է, որպեսզի այսօրվա, այս պահի կայուն խաղաղությունը հարատևի»:
Արցախի նախագահը նաև ընգծել է, որ ամեն մի հանդիպում իր արդյունքն ու պտուղն է տալիս հետագա գործունեության առումով:
Հայաստանի վարչապետն ու Արցախի նյախագահը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր: