21/09/2020 10:27
Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու մասով մեր կողմից հստակություն կա. ԱԳ նախարար
Հայաստանը հետևողական է եղել իր մոտեցումներում՝ խաղաղ գործընթացի վերաբերյալ: Մենք առավել քան հստակ ընդգծել ենք, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի, որ կարգավորումը միայն հնարավոր է խաղաղ ճանապարհով: Ասում ենք այն ինքնավստահության հիման վրա, որ Հայաստանն ու Արցախը հզոր են՝ պաշտպանելու իրենց շահերը, սամանները: Մենք մնում ենք խաղաղ կարգավորմանը հավատարիմ, Եռաբլուրում անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ առանց նախապայմանների բանակցությունների վերադառնալու կոչին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
«Հայկական կողմը խաղաղ ու բանակցային գործընթացը շարունակելու վճռականությունը չի նվազել: Կլինեն հայտարարություններ, թե ինչպես ենք մենք շարժվում առաջ, հստակություն կլինի, մենք կհայտարարենք», - ասաց նա:
Բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալու վերաբերյալ նախարարը բարձրաձայնեց, որ մեր կողմից հստակություն կա: «Մենք հիմա խորհրդակցում ենք, խոսում ենք համանախագահների հետ, կապի մեջ ենք, աշխատում ենք», - ասաց նա:
Իսկ Ալիևի հայտարարությունը, թե հայկական կողմը ձախողել է բանակցությունները, Մնացականյանն ասաց, որ որևէ կերպ չի կարող մեկնաբանել: