21/09/2020 17:50
ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի սպառնալիքի վերաբերյալ Պապիկյանը մտահոգություն է հայտնել ԱԷՄԳ գլխավոր տնօրենին
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր համաժողովի 64-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ: Այդ մասին տեղեկացնում են նախարարության ֆեյսբուքի էջից:
Շնորհավորելով ԱԷՄԳ գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթելով բեղմնավոր գործունեություն՝ նախարար Պապիկյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության և ԱԷՄԳ-ի համագործակցության հետագա զարգացումը, ինչպես նաև՝ ԱԷՄԳ-ի կողմից Հայաստանում իրականացնող ծրագրերի շարունակականության ապահովումը:
Անդրադառնալով ՀՀ-ում ատոմային էներգետիկայի զարգացման ուղղություններին և հեռանկարներին՝ Պապիկյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության համար Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովումը, որպես ռազմավարական առաջնահերթություն, ամրագրված է ՀՀ անվտանգության ռազմավարությունում։
«Հայկական ատոմային էլեկտրակայանի նախագծային շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը գտնվում է ՀՀ կառավարության խիստ ուշադրության ներքո և կատարվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պահանջների և կանոնակարգերի խստիվ պահպանմամբ: Հայաստանի համար Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն առանձնահատուկ նշանակություն ունի, որպես ատոմային էլեկտրակայան շահագործող երկիր»,- նշել է նախարարը։
Նա գոհունակություն է հայտնել ԱԷՄԳ-ի հետ համագործակցության շրջանակում միջուկային էներգետիկայի խաղաղ օգտագործմանն ուղղված միջոցառումների կապակցությամբ և հույս հայտնել, որ անվտանգության բարձրացման աշխատանքների շրջանակներում կազմակերպության հետ համագործակցությունը կընդլայնվի։
Միաժամանակ, նախարար Պապիկյանը մտահոգություն է հայտնել հայկական ԱԷԿ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը դիտարկում է այն որպես արժանահավատ սպառնալիք:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև ԱԷՄԳ կողմից մշակվող «ԶՈԴԻԱԿ» ծրագրին, որի նպատակն է ամբողջ աշխարհում վետերինար լաբորատորիաների ստեղծման, վերազինման և միջուկային տեխնոլոգիաների կիրառման միջոցով մարդկանց շրջանում կենդանական ծագման վիրուսների տարածման վերահսկումն ու կանխարգելումը:
Բարձր է գնահատվել նաև ԱԷՄԳ աջակցությունը՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում՝ RT-PCR սարքի և լրացուցիչ սարքավորումների տրամադրման միջոցով։
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը ԱՄԷԳ գլխավոր տնօրեն Գրոսսիին հրավիրել է Հայաստան։