22/09/2020 11:04
Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստանը» համագործակցում է տարբեր ուժերի հետ, և օրակարգի համընկնման դեպքում լինում է նաև միասնական որոշակի նախաձեռնություն, ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Մինչ օրս մեր օրակարգը համընկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ՝ կապված ՍԴ դիմելու, կորոնավիրուսի քննիչ հանձնաժողով ստեղծելու, այլ քննիչ հանձնաժողովներ ստեղծելու հետ,և դրանք հաջողությամբ են պսակվել։ Յուրաքանչյուր ուժ ունի իր օրակարգը, և որևէ նոր բան չկա, որ ինչ-որ ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակերպում։ Կհետևենք, կտեսնենք որն է օրակարգը», - ասաց Էդմոն Մարուքյանը։
Հարցին, թե եթե «Հայրենիք», ՀՅԴ և ԲՀԿ կուսակցությանների հրավիրած հանրահավաքին հրապարակում հնչի իշխանության հրաժարականի պահանջ, «Լուսավոր Հայաստանը» կմիանա՞ այդ պահանջին, Մարուքյանը պատասխանեց.
«Եթե «Լուսավոր Հայաստանն» ունենա իշխանության հրաժարականի պահանջ, խորհրդարանում կնախաձեռնի իմպիչմենթի գործընթաց։ ԼՀԿ-ն չի սպասում, որ մեկը մի բան հայտարարի, վազի, գնա, միանա այդ հայտարարությանը»։