22/09/2020 15:32
Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու. Իվետա Տոնոյան
«Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք» և Հայ Հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների կողմից հոկտեմբերի 8-ին համապետական հանրահավաք անցկացնելու վերաբերյալ տեղեկատվության տարածումից ընդամենը ժամեր անց իշխանական քարոզչամեքենան շրջանառության մեջ դրեց այն թեզը, որի համաձայն առաջիկա երկու օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը կկալանավորվի, այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Իսկապես, ցավալի է, որ հնչող քննադատությունների վերաբերյալ իշխանությունների հակափաստարկներն այնքան թույլ, սին ու դատարկ են, որ ամեն անգամ գործի է դրվում քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու՝ այլևս իրենց համար սիրելի դարձած կալանավորման գործելաոճը:
Մարդկանց կալանավորելով՝ երկրի առջև ծառացած խնդիրները չեն լուծվելու, հարյուր հազարավոր ընտանիքների սոցիալական վիճակը չի բարելավվելու, արտաքին պարտքը չի փակվելու, ներդրումներ չեն գալու ու աշխատատեղեր չեն ստեղծվելու:
Իշխանություններն այլևս դարձել են կանխատեսելի՝ իրենց փոքրոգի պահվածքով, երբ անգամ հանրահավաքի անցկացման վերաբերյալ մեկ հայտարարությունից ընկնում են ցնցակաթվածի մեջ: Անհավասարակշիռ ու քինախնդիր վարքագիծն այլևս իշխանությունների ձեռագիրն է դարձել»,-գրել է Տոնոյանը։