22/09/2020 12:20
Չեն կարողանալու լայն աջակցություն մոբիլիզացնել. Ռուբինյանը՝ երեք կուսակցությունների հանրահավաքի մասին
Ոչ մի գնահատական չունեմ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն», «Հայրենիք» կուսակցությունների՝ հոկտեմբերի 8-ին նախատեսած հանրահավաքին:
«Հանրահավաք են ուզում անել, թող անեն: Չեմ կարծում՝ կհաջողվի հանրային մոբիլիզացիա ապահովել», - ասաց նա՝ երկու պատճառ նշելով:
Այսպես, պատգամավորը չի կարծում՝ հանրության շրջանում մեծ դժգոհություն կա, և հետո, եթե նույնիսկ դժգհություն լիներ, չի կարծում, թե այդ ուժերն են, որ պետք է որևէ մեկին մոբիլիզացնեն:
Ռուբինյանը նաև ավելացրեց. «Ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ այդ երեք ուժերը չեն կարող և երբևէ չեն կարողանալու Հայաստանում լայն աջակցություն մոբիլիզացնել ու պատճառները կարող են փնտրել իրենց անցյալում, ներկայում, և այլ տեղերում»: