22/09/2020 19:16
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը կտեղափոխեն Օսլոյի համալսարան
Խաղաղության Նոբելյան մրցանակի հանձնման արարողությունը տեղի կունենա ավանդույթի համաձայն, դեկտեմբերի 10-ին, բայց կանցկացվի ավելի փոքր մասշտաբով՝ COVID-19 համավարակի պատճառով, երեքշաբթի հայտարարել է Նոբելյան ինստիտուտի ղեկավար Օլավ Նելստադը Նորվեգիայի NRK հեռուստառադիոընկերության եթերում:
Մասնավորապես, ըստ նրա, արարողությունը կանցկացվի ոչ թե Օսլոյի քաղաքապետարանի գլխավոր դահլիճում, որը նախատեսված էր հազար հյուր ընդունելու համար, այլ` Օսլոյի համալսարանի գլխավոր լսարանում, որը կարող է տեղավորել հարյուր մարդ:
Նոբելյան դափնեկրի պատվին տրվող բանկետը կչեղարկվի:
Ավելի վաղ Ստոկհոլմի Նոբելյան հիմնադրամը հայտարարել էր բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակակիրների պատվին բանկետը չեղյալ հայտարարելու մասին: