22/09/2020 14:05
Դատարանը քննում է մարտի 1-ի գործով ամբողջական նյութերը տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը (Տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, շարունակում է քննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը մարտի 1-ի մայր գործի նյութերն իրենց ամբողջությամբ տրամադրելու վերաբերյալ։ Մասնավորապես, պաշտպանները պահանջել են գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Պաշտպանները հայտնել են, որ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։
Այս պահին դիրքորոշում է հայտնում մեղադրանքը պաշտպանող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։ Ըստ նրա, պաշտպանական կողմը զրկված չէ ապացույցներ պահանջելու հնարավորությունից, իսկ կողմերի մրցակցության սկզբունքը չի խախտվել։