22/09/2020 15:41
«Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում». ի՞նչ է տեղի ունեցել Ամուլսարում և ովքե՞ր են բերման ենթարկվել
Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստ Շիրակ Բունիաթյանն այսօր իր Facebook-ի էջում տեղեկացրել է, որ ոստիկանությունը Ջերմուկ համայնքի բնակիչներից երեքի տներում խուզարկություն է իրականացնում, նրանց բերման են ենթարկել, տարել Երևան։
Հիշեցնենք՝ օրեր առաջ հանքի շահագործման թեմայով բախում էր տեղի ունեցել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների և Ամուլսարի պահապանների միջև։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Գնդեվազ համայնքի բնակիչ Աննա Ներսիսյանն ասաց, թե, ըստ ամենայնի, այդ բախման հետևանքով է, որ մարդիկ են բերման ենթարկվել։
«Վերջապես նկատում ենք, որ օրենքը վերականգնվում է համայնքում։ Երկու տարի այդ մարդիկ համայնքի անունից են խոսում, իրենք համայնքը չեն ներկայացնում։ Երկու տարի շարունակ վախի, ահուսարսափի մթնոլորտ է տիրել այստեղ։ Այն մարդիկ, ովքեր կողմ են խոսել հանքի շահագործմանը, պարբերաբար ենթարկվել են բռնությունների, եղել է ծեծուջարդ ու դա՝ շարունակական», - ասաց Աննա Ներսիսյանը։
Գնդեվազի բնակչի խոսքով՝ համայնքը ողջունում է, որ երկու տարի անց, վերջիվերջո, օրենքը վերակագնվում է։
«Բնական է, որ եթե խուզարկություններ են եղել և մարդիկ բերման են ենթարկվել, ուրեմն դրա տակ փաստացի ինչ-որ բան կա։ Մի քանի օր առաջ էլ Ամուլսարի հանքի աշխատողների և ակտիվիստների միջև շատ մեծ բախում է եղել։ Հանքի աշխատակիցները ստացել են վնասվածքներ, դրա հիման վրա էլ մարդկանց բերման են ենթարկել։ Համայնքը ողջունում է նաև, որ ի վերջո, երկու տարի շարունակ տևած վախի մթնոլորտը կանցնի։ Կարծում եմ, որ կարգուկանոնի հաստատումը շարունակական կլինի ոստիկանության կողմից», - ասաց Աննա Ներսիսյանը։
Նա նշեց, որ իրենց խնդիրները պարբերաբար փորձել են ներկայացնել, բայց չգիտես ինչու, իրենց ձայնը լսելի չի դարձել։
«Համայնքը պետությունից ակնկալում է, որ վերակագնվի օրենքը, կարգը, կանոնը, «բեսպրեդել» չլինի, մարդիկ ինչ ցանկական, այն չանեն։ Մենք մեր օրինական աշխատելու իրավունքն ենք ուզում, մենք գումար չենք ուզում մեր ընտանիքը պահելու համար, մենք պետությանը չենք ասում՝ եկեք մեր ընտանեկան հարցերը կարգավորեք, մենք մեր աշխատելու իրավունքն ենք ուզում, քանի որ, կրկնեմ, երկու տարի է այս համայնքի բնակիչներն ապօրինաբար զրկված են եղել իրենց աշխատանքից», - նշեց Ներսիսիյանը՝ ավելացնելով. «Որպես համայնքի բնակիչ պետական մարմիններին, այստեղ եկող պատգամավորներին կհորդորեի՝ երբ գալիս են պոստեր, խրախուսում են ապօրինությունը, բարձրանան Գորայք, Գնդեվազ, Ջերմուկ, Սարավան ու իրական համայնքի ձայնը լսեն»։
«Ամուլսարի հանք» նախաձեռնող խմբի անդամ, Գնդեվազ համայնքի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, թե բախումը տեղի է ունեցել համայնքի բնակիչների ու մի խումբ ցուցարարների միջև։
«Համայնքի բնակիչները եղել են մեր աշխատակիցները, նրանց հարազատները, բարեկամները։ Խնդիրը միայն այն է եղել, որ իրենք Ամուլսարում աշխատող մարդիկ են։ Այդ խմբավորումն ամեն կերպ փորձում է ահաբեկել, ճնշել Ամուլսարում աշխատող մարդկանց։ Բախումից հետո ոստիկանները քաղաքացիների բնակարաններում խուզարկություններ են իրականացրել։ Ցուցարարներն Ամուլսարի աշխատակիցների վրա հարձակվել են տարբեր գործիքներով, սառը զենքերով փորձել են վնասվածքներ պատճառել։ Հիմա մեր աշխատակիցների մեջ կան մարդիկ, որոնց վիճակը լավ չի։ Եվ նրանք, ովքեր բերման են ենթարկվել, մեծ մասն այն ցուցարարներն են, ովքեր վնասվածքներ են պատճառել Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներին»։
Նա ասաց, թե անցած երկու տարիների ընթացքում ոստիկանությունը չի հետևել, թե ինչ է կատարվում տարածքում։
«Այնպես չէ, թե այս երկու տարիների ընթացքում ոստիկանությունն ուշադրությամբ հետևում էր, թե ինչ է կատարվում տարածքում, քանի որ էլի են եղել բախումներ և աչք են փակել դրա վրա։ Մենք ընդամենն օրենքի վերականգնում ենք ուզում, սոցիալական ծանր վիճակ է, կորոնավիրուսից մնացած տնտեսական վատ հետևանքներ։ Ամեն ինչ գումարվել է իրար և մի իրավիճակ է ստեղծվել, երբ երկրի զարգացմանն այլ այլընտրանք չկա, քան՝ աշխատանքը։ «Լիդիան» ընկերությունն արդեն իսկ համայնքներից ավելի քան 100 աշխատակից է ներգրավվել, նրանք այս պահին աշխատում են Ամուլսարի տարածքում։ Հետագայում նրանք կրկնապատկվելու, քառապատկվելու, տասնապատկվելու են։ Այս պահին ընթանում են գույքագրման, ներքին հարդարման աշխատանքներ, հետագայում արդեն, երբ թիմը մեծանա, կսկսեն տեխնիկայով աշխատանք իրականացնել», - ասաց Նարեկ Հովհաննիսյանը։
Նշենք, որ Շիրակ Բունիաթյանն այսօր հայտարարել է, որ Ջերմուկ համայնքի կալանավորված երեք բնակչի Երևանում մեղադրանք է առաջադրվում։
Բունիաթյանը տեղեկացրել է, որ այսօր ընտանիքներով դուրս են գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և աջակցություն հայտնեն կալանավորված քաղաքացիներին։