22/09/2020 18:50
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը՝ Եվրոպայի առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստանի շախմատի պատանեկան հավաքականը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առցանց առաջնությունում, որին մասնակցել է 40 երկրի շուրջ 800 շախմատիստ:
Առաջնությունն անցկացվել է 8 ենթախմբով՝ աղջիկների և պատանիների մինչև՝ 12, 14, 16 և 18 տարիքային խմբերով: Յուրաքանչյուր ենթախմբում Հայաստանն ունեցել է 3 ներկայացուցիչ։ Բացի մասնակիցների անհատական արդյունքներից, հաշվարկ է ընթացել նաև թիմային պայքարում, որում գրանցվել է յուրաքանչյուր ենթախմբի մեկ լավագույն արդյունք:
Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում վաստակել է 26 միավոր և արժանացել երրորդ մրցանակին:
Հավաքականի կազմում բրոնզե մեդալ են նվաճել Շանթ Սարգսյանը (մինչև 18), Արշակ Մելքոնյանը (մինչև 16), Էմին Օհանյանը (մինչև 14) և Բենիկ Աղասարովը (մինչև 12)։ Պատանի շախմատիստները մոտ են եղել նաև անհատական մեդալներ նվաճելուն. մասնավորապես, Շանթ Սարգսյանը վաստակած 7 միավորով կիսել է 2-4-րդ հորիզոնականները, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 4-րդ տեղը, իսկ Էմին Օհանյանը և Արշակ Մելքոնյանն իրենց ենթախմբերում գրավել են 5-րդ հորիզոնականը։
Լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել նաև մինչև 18 տարեկանների ենթախմբում հանդես եկող Ալեն Երեմյանը և Արթուր Դավթյանը, աղջիկների՝ մինչև 16 տարեկանների ենթախմբից՝ Աստղիկ Հակոբյանը։