22/09/2020 18:44
Հայաստանից ձկնամթերքի արտահանումը 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի. ակնկալվում է կրկնակի աճ
Հայկական կողմի նախաձեռնությամբ՝ այսօր տեղի է ունեցել տեսահանդիպում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության (Россельхознадзор) ղեկավար Սերգեյ Դանկվերտի միջև:
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև բուսասանիտարական ենթահսկման բեռների նկատմամբ հավաստագրերի ներկայացման և Հայաստանից ձկնամթերքի և կաթնամթերքի, մասնավորապես՝ պանրի, արտահանման հետ կապված իրադրությունը: Նշվել է, որ ՀՀ-ից ձկնամթերքի արտահանումը 2019թ. 5400 տոննայի համեմատությամբ 2020-ի 7 ամիսներին աճել է մինչև 7200 տոննայի, իսկ մինչև տարեվերջ ակնկալվում է կրկնակի աճ:
Քննարկվել են նաև մինչև 2025թ. Եվրասիական միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունները:
Նշված հարցերի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի սննդամթերքի անվտանգության պատասխանատուները եկել են ընդհանուր հայտարարի՝ ստեղծել ու պահպանել հնարավոր բարենպաստ պայմաններ սննդի ոլորտում առևտրաշրջանառության ակտիվացմանը նպաստելու, ինչպես նաև անվտանգ սննդամթերքի մատակարարումն ապահովելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել հարաբերությունները և ավելացնել շփումների պարբերականությունը:
Երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում կստեղծվեն բարենպաստ պայմաններ ոչ հեռավար հանդիպման համար: