23/09/2020 13:19
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը դատարանը կքննի սեպտեմբերի 25-ին
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Կենտրոն նստավայրում Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել է։
Նիստը վարող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հաջորդ դատական նիստը նշանակել է սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:00-ին:
Բարձրագույն դատական խորհրդից հայտնում են, որ նիստի հետաձգման պատճառը մեղադրյալ Գ. Ծառուկյանի և նրա պաշտպանների չներկայանալն է հանդիսացել։
«Չնայած այն հանգամանքին, որ սեպտեմբերի 17-ին և 18-ին դատարանը ծանուցումներ է ուղարկել Գ. Ծառուկյանին և նրա փաստաբաններին, էլեկտրոնային փոստով ծանուցում է ուղարկել պարոն Ծառուկյանի ԱԺ պատգամավորի պաշտոնական էլեկտրոնային հասցեին, բացի այդ հեռախոսային կապի միջոցով հավելյալ տեղեկացրել է նիստի օրի, ժամի մասին, ինչպես նաև «Վայբեր» ծրագրի միջոցով փոխանցել տեղեկատվությունը, որով ուղարկված տեղեկատվության ստանալը ծրագիրը հաստատել է: Սեպտեմբերի 22-ին դատարանի աշխատակազմը, փաստաբանի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հիշեցրել է այսօրվա նիստի մասին:
Այսօր՝ 11:00-ին մեկնարկած նիստի ընթացքում, դատարան ներկայացած դատավարության մասնակիցները միջնորդել են դատարանին քննությունն իրականացնել մեղադրյալի և պաշտպանների բացակայությամբ, սակայն, դատարանը հաշվի առնելով հարցի կարևորությունը, որոշում է կայացրել միջնորդության քննությունը հետաձգել սեպտեմբերի 25-ին, ևս մեկ անգամ պաշտպանության կողմին ծանուցելու համար», - ասված է ԲԴԽ հայտարարությունում։