23/09/2020 10:01
«Հրապարակ». Սահմանադրական դատարանում բարդ իրավիճակ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանում տեղի կունենա աշխատակարգային նիստ, որի օրակարգում է նաև Սահմանադրական դատարանի նախագահի ու փոխնախագահի ընտրության հարցը: ՍԴ 9 անդամներից յուրաքանչյուրը կարող է և ինքնառաջադրվել, և առաջադրել այլ թեկնածուի: Այս պահին դեռևս անորոշ է, թե ով կընտրվի ՍԴ նախագահ։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, որը կազմում է 6 ձայն։ Իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ 5 ձայնով: Հնարավոր է, որ անսպասելի իրավիճակ առաջանա, որովհետև որևէ թեկնածու կարծես թե չի ձգում վեց կամ հինգ ձայնի, քանի որ հին կազմից Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը հնարավոր է ոչ մեկին ձայն չտան և, առհասարակ, չմասնակցեն ընտրությանը՝ գործընթացը համարելով ոչ լեգիտիմ։ Իսկ Վահե Գրիգորյան-Արման Դիլանյան զույգը հաշտ չէ նորընտիր 3 դատավորների հետ։ Մյուս կողմից՝ Երվանդ Խունդկարյանն էլ նախագահ դառնալու նախապայմանով է գործուղվել ՍԴ։
Չի բացառվում, որ առաջին փուլով ընտրությունը չավարտվի, թույլ տան առաջադրվել և Խունդկարյանին ու Դիլանյանին։ Այդպիսով նաև դեմոկրատական ընտրության պատրանք կստեղծվի, իսկ երկրորդ փուլում թեկնածուներից քիչ ձայն ստացածը դուրս կգա մրցակցությունից, մնացողն արդեն կընտրվի 5 ձայնով։ Իսկ եթե երկրորդ փուլում էլ չհաջողվի նախագահ ընտրել, ապա, ըստ օրենքի, 10 օր անց նոր ընտրություն կկայանա»։