23/09/2020 18:20
Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ Լավրովը քննարկել է ԼՂ հակամարտության սկզբունքներն, այդ թվում՝ տարածքներն ազատելու հարցեր. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան չի մեկնաբանել Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության կողմից ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը մեջբերելու ճշգրտությունը:
«Ինչ վերաբերում է նախարարի խոսքերի մեջբերման ճիշտ լինելուն, ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել և, սկզբունքորեն, այս հարցերն ուղղել այն աղբյուրներին, որտեղից ստացվել է այս տեղեկատվությունը: Հետևաբար, դրա վրա ես նույնիսկ կանգ չեմ առնելու: Դուք քաջատեղյակ եք մեր դիրքորոշմանն այս հարցի շուրջ, և մեծ խնդրանք ունենք՝ առաջնորդվեք դրանով, այլ ոչ թե տարատեսակ մեկնաբանություններով, որոնք ռուսական կողմը չի անում», - հայտարարել է Զախարովան:
Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորմանը, Մարիա Զախարովան հայտարարել է, որ այսօր ադրբեջանական կողմի հետ հանդիպման ժամանակ «քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման նախկինում հնչեցված հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակային հարցերի լուծումը, ինչպես նաև դրա շուրջ տարածքների ազատումը»:
Ավելի վաղ Aysor.am-ը դիմել էր Ռուսաստանի ԱԳՆ, խնդրելով մեկնաբանել Լավրովի հայտարարության մեջբերման հավաստիությունը:
Պարզաբանում ստանալու համար Aysor.am-ը դիմել էր նաև ՀՀ ԱԳՆ, որտեղից պատասխանել էին. «Մեզ համար Ադրբեջանի պաշտոնական մամուլի հաղորդագրությունները տեղեկատվության հավաստի աղբյուր չեն: Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրությանը»:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի խնդրով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խանգարում են հակամարտության կարգավորմանը, և Ռուսաստանը կողմ է հինգ օկուպացված շրջանների վերադարձին, խաղաղապահների տեղակայմանը տարածաշրջանում և տրանսպորտային-կոմունիկացիոն համակարգերի վերականգնմանը»:
Իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում Լավրովի և Գաֆարովայի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունում նշված է, որ «կողմերի ուշադրության կենտրոնում է եղել տարածաշրջանային անվտանգության հարցը, այդ թվում՝ ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս վիճակն ու հեռանկարները»: