24/09/2020 17:42
Սաթիկ Սեյրանյան. Թույլ չտվեցի, որ Փաշինյանը շոուն շարունակի (Տեսանյութ)
Ժուռնալիստների միության նախագահ, լրագրող Սաթիկ Սեյրանյանը Aysor.am-ի «Պրոֆիլ» հաղորդման շրջանակներում առաջին անգամ պատմում է այն մասին, թե տարիներ առաջ ինչո՞ւ Արմենիա Հ/Ը հեռարձակվող իր հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման ժամանակ Նիկոլ Փաշինյանին ասաց, որ վերջինս տաղավարում շոու է անում։
«Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ եղել է «Ռ-Էվոլյուցիա»-ի հյուր և ինքն ինչ ուզեցել՝ ասել է, երբ ուզեցել՝ խոսել է, ինչի մասին ուզեցել՝ խոսել է, երբեք իր խոսքը չի մոնտաժվել։ Ավելին, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի բնավորությունը, մենք նկարահանած ամբողջ նյութը միշտ պահում էինք, որովհետև հետո ինքը կարող էր ասել՝ ես այսպես չեմ ասել և այլն։ Այդ անգամ էլ Նիկոլ Փաշինյանին հրավիրեցի, ներքաղաքական իմաստով բավական լարված իրավիճակ էր, ինքը շատ մեծ սիրով համաձայնեց, եկավ և ոնց որ թե նորմալ էր հարցազրույցի ընթացքում։ Եթե հիշում եք, «Ռ-Էվոլյուցիա»-ի տաղավարում հյուրի և հաղորդավարի միջև հեռավորությունը բավական քիչ էր և սեղանն էլ ապակեպատ էր։ Հաղորդման ընթացքում ես տեսնում էի, որ Նիկոլը գրպաններում ինչ-որ բան է ման գալիս։
Հիմա պատկերացրեք, ես սկսեմ ինչ-որ բաներ անել, ձեր ուշադրությունը սևեռվելու է, թե այս աղջիկն ի՞նչ է անում, ի՞նչ է պատրաստվում անել։ Ես հեռուստալրագրության մեծ փորձ չունեի և չունեմ մինչ օրս և ես անընդհատ հեռուստադիտողի մասին եմ մտածում, որ եթերում ինչ-որ աղմուկ չլինի, հիստերիա չլինի, հետևաբար՝ չէի ուզի, որ իմ տաղավարում էլ այդպիսի վիճակ լիներ։ Ես նայում եմ Նիկոլին, թե ինչ է անում, ուշադրությունս սևեռված է իր գրպանների ու ձեռքերի ուղղությամբ, թե ինչ է անելու։
Նկարահանումը չենք ընդհատում, ու ինքը խոսքի մեջ հիշեցնում է, որ Անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը, երբ ներկայացնում էր սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, այն ժամանակ ասաց, որ ինքը չի ուզում դառնալ երկրի նախագահ, նաև ավելացրեց, որ նույնիսկ չէր էլ առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Այդ ժամանակ բոլորն էին այդ մասին խոսում և պարզապես հնարավոր չէր, որ դա ես մոռանայի, պարզապես, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասաց այդ մասին, ես ասացի՝ չէ, այդպես չէր ասում, նախագահ դառնալու մասով էր ասում: Այսպիսի մի բան ասացի, ու ինքը հանեց, միացրեց ձայնագրությունը, ես այդ պահին արդեն հասկացա, թե ինչ արեց, զարմացա ու ասեցի՝ շոուդ ստացվեց, Նիկո՛լ։ Իմանալով իրեն, որպեսզի իր շոուն, այսպես ասած, չշարունակվեր, ես ասեցի՝ շոուդ ստացվեց։ Հաղորդումն ավարտվեց, անջատեցինք, ասեց «ո՞նց էր, ընկեր», ասացի՝ լավ էր»- պատմել է Սաթիկ Սեյրանյանը։
Վերջինիս խոսքով՝ հետո ինքը հաղորդման պրոդյուսերին և գլխավոր ռեժիսորին տեղեկացրել է, որ սխալ է թույլ տվել, և որ իրականում Սերժ Սարգսյանն ասել է նաև վարչապետի պաշտոնին չհավակնելու մասին, պարզապես տաղավարում սևեռված լինելով Նիկոլ Փաշինյանի գործողությունների վրա, ինքը սխալմամբ ասել է, որ Սերժ Սարգսյանն այդպես չէ ասել, որից հետո որոշվել է, որ մոնտաժվելու է միայն իր ասած այդ նախադասությունը և մնացյալ ամբողջը թողնվելու է։
«Հետո հաղորդումը եթեր գնաց ու Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով գրառում արեց, թե տեսեք Արմենիա Հ/Ը-ում մոնտաժել են, կտրել են, մինչդեռ իրականում իմ խոսքից ընդամենը մեկ նախադասություն էր հանվել։ Հետո իրա թիմակիցները սկսեցին այդ գրառման տակ հայհոյանքներ գրել, հարձակումներ անել։ Ինձ համար այդ ամենը զարմանալի չէր, ես ուղղակի թույլ չտվեցի ինքն այնտեղ շոուն շարունակի, ինքն էլ շարունակեց ֆեյսբուքում»-նշել է Սաթիկ Սեյրանյանը՝ հավելելով, որ ամբողջ պատմությունն այդքանն է եղել։