24/09/2020 11:46
COVID-19 համավարակի դիմակայման համար Հայաստանը 30 մլն եվրո կստանա Եվրոպական հանձնաժողովից
ՀՀ-ԵՄ 2020 թվականի տարեկան գործողությունների ծրագրի շրջանակում նախատեսվում է ստորագրել «COVID-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագիրը՝ 30 մլն եվրո ընդհանուր արժողությամբ:
Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Գումարը տրամադրվելու է ազգային գանձապետարանին՝ ուղղակի բյուջետային չթիրախավորված աջակցության տեսքով՝ առանց Գործընկերոջ համաֆինանսավորման գործողության բաղադրիչի։
Ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի՝ COVID-19-ի բռնկմանն ուղղված արձագանքին, և մեղմելու առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում համավարակի բացասական հետևանքները:
Բյուջետային աջակցության 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանման տեսքով՝ Կառավարության կողմից COVID-19-ի արձագանքման միջնաժամկետ սոցիալ-տնտեսական վերականգնման ծրագրի մշակման և իրականացման գործընթացում առաջընթացի ընդհանուր նախապայմանի բավարարման արդյունքում:
Մնացած 6 մլն եվրո աջակցությունը (փոփոխական մասհանում) տրամադրվելու է համաձայնագրի նախագծի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի գնահատման և արձագանքի արդյունքների ապահովման արդյունքում:
Այս համատեքստում, մասնավորապես, Ծրագրով նախատեսվում է Հայաստանում հարկային քաղաքականության բարելավում և առկա բացերի նվազեցմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագրի մշակում ու ընդունում:
Բյուջետային աջակցության ծրագրով նախատեսվում է նաև պլանավորման և բաշխման փուլերում հանրային ներդրումների առկա համակարգի բարելավում, մասնավորապես, հանրային ներդրումների ռազմավարական շրջանակի հստակեցում, ակնկալվող նախագծերի ընտրության, մշակման և գործարկման համակարգի ներդրում։
Ծրագիրը թիրախավորում է նաև առողջապահության համակարգի պատշաճ վերազինումը՝ COVID-19-ի առաջացրած ճգնաժամին և միջնաժամկետ հեռանկարում առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին դիմակայելու նպատակով։
Ծրագրով նախատեսված է նաև օգնել Կառավարությանը աջակցելու խոցելի խմբերին և մասնավոր հատվածին՝ COVID-19-ի հետևանքների դիմակայման գործընթացում։
Համաձայնագրի նախագծում Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն: