24/09/2020 16:30
ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում. Արևիկ Պետրոսյան
Սահմանադրական դատարանում դեռ չի ավարտվել նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը։
ՍԴ դիմաց լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանն ասաց, թե կրկին բարձրացվել է լրատվամիջոցների՝ նիստին մասնակցելու հարցը։
«Հարցը կրկին բարձրացվեց Վահե Գրիգորյանի կողմից, և իր իսկ կողմից բարձրացված հարցը հետ վերցվեց, որովհետև երեկ արդեն հարցին բավական մանրամասն անդրադարձ կատարվել էր» , - ասաց Արևիկ Պետրոսյանը։
Նա ասաց, թե նախօրեին իր բարձրարցրած հարցադրումն այն է եղել, որ բոլոր լրատվամիջոցները, որոնք ցանկություն ունենան, պետք է մասնակցություն ունենան և որևէ սահմափակում չպետք է լինի։
«Առաջարկ եղել է, որ եթե այդ հնարավորությունը պետք է տանք, ապա պետք է այն տանք բոլոր լրատվամիջոցներին։ Քանի որ մեր նիստերի մեծ դահլիճը վերանորոգվում է, այս պահին նաև պետք է քննարկման առարկա դարձվի աշխատակարգային նիստն այլ վայրում անցկացնելու հարցը, որպեսզի բոլոր լրատվամիջոցները մասնակցություն ունենալու հնարավորություն ունենան։ Պարոն Գրիգորյանը ևս գտավ, որ այո, կա խնդիր` լրատվության բոլոր միջոցների հավասար մասնակցությունն ապահովվելու հետ կապված, իր առաջարկությունը հետ վերցրեց» , - ասաց Արևիկ Պետրոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար այս պահի դրությամբ եղել է մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում։