24/09/2020 12:41
Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ պանդեմիան ԱՄՆ ընտրությունների վրա
ԱՄՆ նախագահական ընտրությունների ամբողջ ընթացքը՝ սկսած ընտրարշավից, դեբատներից, մինչև ընտրության օրը գտնվում է աշխարհի ուշադրության կենտրոնում։ ԱՄՆ-ն աշխարհի հզոր տերություններից մեկն է, և բոլորին հետաքրքիր է, թե ով է ղեկավարելու այն գալիք չորս տարիների ընթացքում։
«Ընտրություններ 2020. վիրտուալ լրագրողական շրջայցն ԱՄՆ-ում և ամերիկյան ընտրական գործընթացը» խորագրով ծրագրի շրջանակներում Aysor.am-ն իր ընթերցողին կներկայացնի ԱՄՆ ընտրությունների մասին պատմող շարք։
Եթե Հայաստանում մինչև խորհրդարանական կառավարման անցում կատարելը նախագահի ընտրությունների համար նշանակված էր մեկ օր, երբ ամբողջ հանրապետությունն ընտրում էր նախագահի, ապա ԱՄՆ-ում ընտրական պրոցեսը տևում է մի քանի ամիս։
ԱՄՆ-ում նախագահն ընտրվում է ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որը 538 անդամ ունի։ Նախագահին հաղթելու համար անհրաժեշտ է ստանալ ընտրիչներից առնվազն 270-ի ձայնը։
Նախագահի ընտրությունները տեղի են ունենում չորս տարին մեկ, իսկ այդ ընթացքում երկու տարին մեկ, նախագահական ընտրությունների միջակայքում, ԱՄՆ-ն ընտրում է ներկայացուցիչների պալատի անդամների և սենատի 1/3-ին։
ԱՄՆ կառավարման դաշնային համակարգի փորձագետ Մարկ Ռոզելը պնդում է`գրեթե առանց բացառության ամեն տարի այս ընտրություններում առավելությունը տրվում է ընդդիմադիր գործիչներին։
«Սա ևս մեկ ցուցիչ է, թե ինչպես ամերիկացիները չեն ուզում կենտրոնացնել կամ բևեռացնել իշխանությունը», - ասում է Ռոզելը:
Փորձագետն այս տարվա նախագահական ընտրություններն առանձնացնում է պանդեմիայի ազդեցության տեսանկյունից։ Նա պնդում է՝ կորոնավիրուսի համաճարակը իր հետքն է թողել ընտրական պրոցեսների վրա։ Այս տեսանկյունից Ռոզելն առաջարկում է դիտարկել վաղ քվեարկության մեխանիզմն ու ընտրությունների գիշերը հավանական սխալ պատկեր ունենալու հեռանկարը։
«Անցյալում մենք հեռուստացույցով հետևում էինք նահանգներից եկող ցուցանիշներին, և գիշերն արդեն հաղթողը հայտարարվում էր։ Մինչդեռ համաճարակի պատճառով, վարակի տարածման ռիսկերը նվազեցնելու համար այս տարի մենք փոստով քվեարկությունների և վաղ քվեարկությունների ավելի մեծ քանակ ունենք, քան նախկինում», - ասում է Ռոզելը։
Նա նշում է, որ ընտրությունների արդյունքները սովորաբար ամփոփվում են ընտրությունների գիշերը՝ հենց այդ օրն անձամբ քվեարկած քաղաքացիների ձայների հիման վրա, մինչդեռ փոստով քվեարկության հաշվարկը կարող է մի քանի օր պահանջել։
«Ես վստահ չեմ, մենք նման բան նախկինում չենք արել», - ասում է փորձագետը։
Հետաքրքիր է, որ Թրամփի աջակիցներն ավելի շատ նախընտրում են քվեարկել հենց ընտրության օրը, իսկ Բայդենի աջակիցները՝ հակառակը, հետևաբար Ռոզելը չի բացառում, որ այս տեմերով ընտրության օրը այլ պատկեր լինի, դրան հաջորդած օրերին՝ այլ։
«Իհարկե տարօրինակ է, որ մենք խոսում ենք քաղաքական գործընթացների վրա պանդեմիայի ազդեցության մասին, բայց հավանական է, որ ընտրությունների օրը ստացված քվեարկությունը ցույց տա, որ ամենուր հաղթում է Թրամփը, իսկ արդեն երբ ավելի ուշ կլինեն փոստով քվեարկությունների հաշվարկները, Բայդենի օգտին քվեարկածների թիվը կարող է աճել։ Այնպես որ, գուցե որոշ ժամանակ պահանջվի, որ հասկանանք, թե ով է հաղթել», - նշում է Ռոզելը:
Այս տարի ԱՄՆ նախագահական ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 3-ին։ Նախագահի թեկնածուները երկուսն են՝ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, գործող նախագահ Դոնալդ Թրամփը և Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջո Բայդենը։