24/09/2020 15:51
Հոկտեմբերին կհայտարարվի մետրոյի նոր կայարանի կառուցման մրցույթ, որից հետո պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը
Հոկտեմբերի առաջին կեսին կհայտարարվի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, այս մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։
«Երևանի քաղաքապետարանի կողմից պետք է հայտարարվեն նախագծման, ինչպես նաև շինարարության մրցույթներ։ Դրանց ավարտից հետո նոր կգա կառավարության կողմից գումարի հատկացման հարցը», - հայտնել են գրասենյակից։
Նշվում է, որ մոտ օրերս կամփոփվեն մասնագիտական համապատասխան փաստաթղթերը, դրանք կթարգմանվեն ռուսերեն և անգլերեն լեզուներով, ինչպես նաև կհամաձայնեցվեն միջազգային փորձագետների հետ։
«Նախատեսվում է հոկտեմբերի առաջին կեսին հայտարարել մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման մրցույթ, ինչը նույնպես ֆինանսավորվում է ՀՀ կառավարության կողմից։ Նշված մրցույթի արդյունքում հաղթող կազմակերպությունը կկազմի նախագծանախահաշվային փաստաթղթերը, որոնց հիման վրա կհստակեցվեն նոր կայարանի կառուցման ծախսերը և կհայտարարվի բուն շինարարության մրցույթը։ Արդեն իսկ այդ փուլում պարզ կլինի ընդհանուր ծրագրի արժեքը», - Aysor.am-ին հայտնել են Ավինյանի գրասենյակից։
Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ մետրոյի կայարանի կառուցումը կարժենա մոտ 35 միլիոն դոլար։
Նա նշել էր, թե ՀՀ կառավարությունը հավաստիացրել է՝ գումարը կարող է տրամադրել մետրոյի կայարանի կառուցման համար: