24/09/2020 14:01
Միայն աշխատավարձով բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպել. ՊԵԿ նախագահը՝ պարգևատրումների մասին
ՊԵԿ-ի պարգևավճարները շատ համահունչ են ու ճիշտ են գնահատված յուրաքանչյուր աշխատակցի կատարած աշխատանքով, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։
Aysor.am-ի հարցին՝ եթե պարգևավճարներ չտրվեն, լավ չե՞ն աշխատելու ՊԵԿ աշխատակիցները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Այսօր միայն աշխատավարձով աշխատակիցներին պահելը բավարար չէ ՊԵԿ աշխատակիցների արդյունավետ աշխատանքը կազմակերպելու համար»։
Անդրադառնալով հարկային հավաքագրումներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ առաջիկայում ամփոփելու են երրորդ եռամսյակը։
«Ինն ամիսների վերաբերյալ կներկայացնենք հաշվետվություն, կանդրադառնանք նաև հավաքագրումներին, ընդհանուր առմամբ, կառավարության կողմից համավարակի բացասական ազդեցության հետաևանքների պայմաններում գնահատված կատարողականների հավաքագրումը գտնվում է վերահսկողության ներքո ու կառավարելի են», - ասաց նա։
ՊԵԿ նախագահը նշեց, որ ութ ամսվա կտրվածքով ունեն մոտ 49 միլիարդ դրամի պակաս հավաքագրում։
«Տարբերությունը, ենթադրում ենք, որ գնալով կաճի, քանի որ 49 միլիարդ դրամի տարբերությունը 2019 թվականի համեմատելի ժամանակաշրջանի ու 2020 թվականի միջև բացասական տարբերությունն է», - ասաց նա։
Էդվարդ Հովհաննիսյանը, խոսելով հագուստ ներկրողների բարձրացրած խնդիրների մասին, ասաց, թե հարցը լուծված է։
«Ինչպես տեսնում եք՝ ակցիա էլ չեն անում, հարցը կարգավորվել է ՊԵԿ-ի ու հագուստի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող տնտեսվարողների համատեղ աշխատանքով։ Այսպես ասեմ՝ հարցը լուծված է», - հավելեց ՊԵԿ նախագահը։