24/09/2020 12:36
Հանցագործություն սեփական ժողովրդի նկատմամբ. ցուցարարները բողոքում են վարկային կազմակերպություններից ու վարկային պայմաններից
Տոկոսադրույքների նվազեցում, օրենսդրական փոփոխություններ, որոնք հստակ կամրագրեն, որ վարկային կազմակերպությունները չպետք է կարողանան այնպիսի վարկեր տալ, որոնք մարդկանց էլ ավելի անելանելի վիճակի մեջ կդնեն. այդ պահանջներով «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը կառավարության դիմաց բողոքի ակցիա է կազմակերպել:
«Դուք որպես ժողովրդի կողմից բարձր լեգիտիմություն ստացած իշխանություն պետք է քաղաքական կամք ձևավորեք և վերջ տաք այս լրջագույն խնդրին: Համավարակի ժամանակ բանկերը բարձրացրել են սպառողական վարկերի տոկոսադրույքները, ինչը հանցագործություն է սեփական ժողովրդի նկատմամբ: Իսկ վարկային արձակուրդի մասին հայտարարած բանկերն այդ տոկոսները միանգամից պահանջեցին՝ երեք ամիս անց: Դատական նիստերի հետաձգումն էլ ավելացնում է քաղաքացիների վարկային տոկոսների բեռը», - ցուցարարները դիմեցին իշխանությանը՝ նամակ ուղարկելով ՀՀ վարչապետին ու ԱԺ նախագահին: