24/09/2020 12:46
Ռուսաստանն ու Հայաստանը կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները
«Ռուսաստանի փոստը» և «Հայփոստ» ՓԲԸ-ն 2020-ի հոկտեմբերի 1-ից մի քանի անգամ կնվազեցնեն երկրների միջև ծանրոցներ ուղարկելու սակագները, հայտնել է Ռուսաստանի փոստային օպերատորը:
Համաձայնագիրը ստորագրվել է Նիժնի Նովգորոդում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովի և «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի եռակողմ հանդիպման ժամանակ:
2020 թվականի հոկտեմբերի 1-ից Հայաստանի և Ռուսաստանի ընկերությունների համար ստեղծվելու է «Երկու մայրաքաղաքների սակագին»: Երևանից Մոսկվա և Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ ծանրոցներ ուղարկելու գինը կնվազի գրեթե երեք անգամ. մինչև 1 կգ քաշով ծանրոցը կարժենա 420 ռուբլի (2950 դրամ) 1200 ռուբլու փոխարեն: Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամը կարժենա 180 ռուբլի (1250 դրամ):
Հայաստանի այլ մարզերից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ուղարկելու արժեքը կնվազի մեկուկես անգամ. 1 կգ-ի համար կկազմի 860 ռուբլի (6000 դրամ) և յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար 215 ռուբլի (1500 դրամ):