24/09/2020 23:27
Արսեն Խառատյանը հերքում է, որ Նիկոլ Փաշինյանի անունից գաղտնի բանակցություններ է վարել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ
Facebook-ի իր էջում նա գրել է. «Ադրբեջանական քարոզչամեքենան տվայտանքների մեջ է։
Անիմաստ եմ համարում իշխանությունն ամեն գնով փրկել փորձող Ալիեւի խամաճիկային մեդիաներին արձագանքելը, սակայն ներհայաստանյան տիրույթում հնարավոր շահարկումներից խուսափելու համար հստակեցնեմ. ՀՀ Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում, ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ, որեւէ հարց չեմ քննարկել:
Թե ինչու են ադրբեջանցիներն այս փուլում այսպիսի կեղծ տեքստ հրապարակում` պետք է իրենցից պարզել: Միայն կարող եմ ենթադրել, որ հուլիսյան հաղթական օպերացիայից եւ դրան հաջորդած ԱլՋազիրայի հայտնի հարցազրույցի ընթացքում «ծեծ ուտելուց» հետո, Ալիեւի որոշ պաշտոնյաներ դեռեւս ուշքի չեն եկել, որոնց խորհուրդ կտամ սառը ցնցուղ ընդունել, վալերյանկայի զապաս հավաքել ու սրտի վախով սպասել այն օրվան, երբ ժողովրդավարական փոփոխությունները կծեծեն իրենց դռները:
Ի դեպ այդ օրը շատ հեռու չէ...»։
Ավելի վաղ ադրբեջանական հաքքին.ազ կայքը հայտնել էր, որ 2018 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Արսեն Խառատյանը դիմել է Ադրբեջանի կառավարական աղբյուրին, առաջարկելով սկսել ուղիղ բանակցություններ։ Ադրբեջանական կառավարության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել եվրոպական երկրներից մեկում, Արսեն Խառատյանը նշել է, որ ներկայացնում է Փաշինյանին, որը հետաքրքրված է բանակցությունների նոր ֆորմատով։ Նա ասել է, որ Հայաստանի նոր կառավարությունը պատրաստակամ է ապագա բանակցությունների համար ընդունել փուլային կարգավորման պլանը, մասնավորապես, առաջին փուլում Ղարաբաղին կից երեք շրջանների «դեօկուպացիա», այնուհետև՝ ևս երկու շրջանի «հանձնում», մասնավորապես, գրում է ադրբեջանական կայքը։