24/09/2020 14:49
Եթե տույժից ազատեն, վարկային գումարի տույժերն էլի ավելանալու են, վարկի գումարից ազատեն՝ ավանդատուների հարցն է. Խաչատրյանը՝ խնդրահարույց վարկերի մասին
Խնդրահարույց վարկերի գծով տույժերը, տուգանքները և կուտակված տոկոսները օգոստոսի 31-ի դրությամբ կազմում են շուրջ 18 մլրդ դրամ: Ընդհանուր խնդրահարույց վարկային պարտավորությունները, նույն օրվա դրությամբ, շուրջ 310 մլրդ դրամ են: Այս տվյալները խորհրդարանի ամբիոնից հանրային լսումների ժամանակ ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:
Նա նկատեց, որ հակաճգնաժամային միջոցառումների համատեքստում պետության կողմից պետք է դիտարկվի խնդրի լուծման համար նաև պետության աջակցությունն այն ոլորտների ու այն քաղաքացիների մասով, որոնք, իրոք, ունեն հեռանկար, բայց այս պահին ի վիճակի չեն հարցը լուծել:
«Եթե միայն տույժից ազատվեն՝ հաջորդ օրը վարկային գումարի տույժերն էլի ավելանալու են, վարկի գումարից ազատվեն՝ ավանդատուների հարցն է: Բացի այդ, հաջորդ օրը գումարի կարիքից ելնելով՝ նորից են դիմելու վարկի համար»,- նշեց Խաչատրյանն՝ավելացնելով, որ խնդիրը բազմաշերտ է: