25/09/2020 14:43
Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել. Փաշինյան (Տեսանյութ)
Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի», - ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ հրապարակային ասել է՝ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ Ղարաբաղի հարցը չունի ուժային լուծում:
«Եթե Ղարաբաղի հարցն ունի ուժային լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կասի՝ ես վաղուց դա լուծել, ավարտել եմ: Վերջ: Էլ ինչ ենք քննարկում: Բայց մենք ասում ենք՝ ոչ: Մենք համաձայն ենք, որ պետք է երկարատև, կայուն խաղաղություն հաստատվի տարածաշրջանում, և դրա համար առաջարկում ենք բանաձև, որևէ լուծում: Սա Ադրբեջանի, Հայաստանի և Արցախի ղեկավարների անձնական պատասխանատվությունն է, և մենք պետք է չարչարվենք, աշխատենք՝ գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի համար, Արցախի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար: Ընդ որում՝ թվարկումների հերթականությունն այստեղ բացարձակապես էական չէ: Մենք կարող ենք հակառակն ասել: Նկատի ունեմ՝ այստեղ թվարկումը ոչ թե ըստ կարևորության է, այլ բոլորը նույն հարթության վրա են», - նշել է Փաշինյանը: