25/09/2020 16:38
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում «կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ. Մարուքյան
Վարչապետը պետք է ԱԺ֊ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված կոնֆիդենցիալ» տեղեկատվության փոխանակման վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է, որ վերջին շրջանում ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ են մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում:
«Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով», - ասել է վարչապետը:
Նշենք նաև, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հայտարարել է, որ Փաշինյանը, փաստորեն, ոչ թե հերքում է ադրբեջանցիների կողմից վերջերս բացահայտվող տեղեկությունները իր և Ալիևի ստվերային գործարքների մասին, այլ հաստատում է այն՝ միաժամանակ վախեցնելով Ալիևին սեփական կոմպրոմատով:
«Ինչպես մի հայտնի ֆիլմում էր ասվում. Влюбляйтесь, женитесь, разводитесь. Сходите с ума - море рядом: Բայց ոչ Նիկոլը, ոչ էլ Ալիևը Հայաստանի և հայ ժողովրդի հաշվին իրենց սիլիբիլիները անել չեն կարող: Երկուսդ էլ մեզանից հեռու մնացեք: Ցանկացած նորմալ քաղաքական համակարգի դեպքում այսքանից հետո վարչապետը պիտի հրաժարական տար, իսկ ԱԱԾ-ն՝ լրջագույն կերպով զբաղվեր այս խնդիրներով: Այս ամենի հաշիվը դեռ բաց է, բայց հատուցման ժամը հեռու չէ», - նշել է Աշոտյանը: